Լուրեր

Երևան քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝

«Սիրելի երևանցիներ, Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում: Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին:

Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետեւ մեր գործը արդար է, հաղթանակը՝ անխուսափելի:Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»:

Ցուցադրել ավելի
Back to top button