ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում նշել է՝ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկել են Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, իսկ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, քնել բաց երկնքի տակ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։ Պատմական եկեղեցիներ ու քաղաքներ ռմբակոծվել ու ավերվել են: Սիրիայից վարձկան զինյալները են տեղակայվել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների կողմից: Չնայած դրան՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի վրա է, Հայաստանի ժողովուրդը ոտքի վրա է:
«Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ»,- գրել է Շիֆը:
Շիֆը նշել է, որ պատերազմը չի սկսել անմիջապես, այլ այն արդյունքն է Բաքվի կոռումպացված վարչակարգի քաղաքականության: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ չեն կարող տասնամյակների վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ը չպետք է անգործություն ցուցաբերի այդ հարցում»-գրել է նա:
Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե հրթիռակոծություննոոոի և հրետակոծությունների: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կանգնի Ստեփանակերտի երիտասարդ ժողովրդավարության կողքին, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Շիֆը նաև ընդգծել է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն բանակցել Արցախի հետ կապված հարցերի շուրջ, ապա ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: