Լուրեր

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում եւ ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը:

Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմել է իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտել են, որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակել են իրենց շների նկարները և պայմանավորվել խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:

Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցել է նրա մայրիկի հետ, որը ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմել է դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո: Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտացել է՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», — նշել է պրն. Շարփը իր այցի ժամանակ, — «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:

Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

https://www.facebook.com/UNArmenia/posts/3567209023338140
Ցուցադրել ավելի
Back to top button