Լուրեր

ԱԱԾ-ն կոչ է անում օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ):

Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի,  ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ: Հայտնում են ԱԱԾ-ից։

Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

ԱԱԾ-ից կոչ են անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից:

Ցուցադրել ավելի
Back to top button