Լուրեր

Արցախի գանձերը. Շուշիի թատերական կյանքը

Շուշիում առաջին թատերական ներկայացումները բեմադրվել են դեռևս 1840-ական թվականներին՝ հայրենի քաղաք վերադարձած ուսանողների շնորհիվ, որոնք ստանձնել են թե’ արական, և թե’ իգական դերերը: 1882 թ. հյուրախաղերով Շուշի այցելած Պոլսահայ մեծանուն արտիստ Պետրոս Ադամյանը մեծ աշխուժություն է բերել քաղաք: Ներկայացումները հիմնականում բեմադրվել են ամառային ամիսներին, երբ քաղաքում՝ հովվեկների թիվը կտրուկ աճել է:

Պետրոս Ադամյանը

Շուշիի ուսանողական խմբերի նախաձեռնությամբ, պարբերաբար, բեմադրվել է «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Վարդանանց պատերազմը», «Արշակ երկրորդ» և այլ երկեր: 1891-ին, Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, թատերական և հասարակական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցվում է «Խանդամիրյան թատրոնը»՝ 350-տեղանոց դահլիճով, վերնահարկով, երկու օթյակով, դերասանների զարդասենյակներով, գրադարանով և օժանդակ այլ հարմարություններով:

Նավթի և գազի լապտերները ապահովում էին շենքի լուսավորությունը: Բեմի վարագույրը նկարել էր 0. Շմեռլինգը: Ճեմասրահի պատերը զարդարված էին հայ և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով: «Խանդամիրյան թատրոնի» առաջին ներկայացումը Մուրացանի «Ռուզանն» էր, 1891 թ. հուլիսի 7-ին: Շուշիի բեմ են բարձրացել հայ թատրոնի լավագույն դերասաններ՝ Սիրանույշը, Հովհ. Աբելյանը, Գ. Պետրոսյանը և այլք:

1905 թ. հայ-թաթարական բախումների ժամանակ Շուշիի մեծ հրդեհից այրվում է նաև թատրոնի շենքը: Ներկայացումների տարեկան հաճախականության մասին տեղեկանում ենք Ե. Լալայանի կատարած հաշվումներից. 1891 թ.՝ 13 ներկայացում, 1892 թ.՝ 19-ը, 1893 թ.՝ 20-ը, 1894 թ.՝ 19-ը, 1885 թ.՝ 24-ը, 1886 թ.՝ 24-ը: Այս տվյալներն ինքնին վկայում են, որ բեմարվեստը հաստատուն և պատկառելի տեղ է գրավել Շուշիի մշակութային կյանքում:

Ցուցադրել ավելի
Back to top button