Լուրեր

Արցախի գանձերը. Օխտը Դռնե վանք

Օխտը Դռնե վանքը (5-6-րդ դդ.) գտնվում է Գտչավանքից ոչ հեռու՝ Մոխրենիս գյուղի վարչական տարածքում: Եկեղեցին Ավան-Հռիփսիմեատիպ հայտնի 21 եկեղեցիներից ամենահինն է: Օխտը դռնե վանքի գլխավոր եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների և տարածածավալային հորինվածքը բնորոշ է 5-րդ դարին:

Վանական համալիրը բաղկացած է եղել մի քանի շենքերից, որոնցից համեմատաբար լավ պահպանվածը եկեղեցին է: Եկեղեցու ամբողջ կառուցվածքից երևում է, որ հետագա դարերում վերանորոգումներ չեն եղել: Եկեղեցին միջին մեծության շինություն է. հանդիպակաց մեծ խորանների հեռավորությունը ներսից 8-ական մետր է: Եկեղեցու արտաքին ձևը, որն արտահայտում է նրա ներքին կառուցվածքը, ներկայացնում է մի վարդյակ՝ կազմված չորս մեծ և չորս փոքր կիսաբոլորակ թերթերով: Խորանների և որմնախորշերի միջև կան կիսաբոլորակ տեսքով որմնասյուներ:

Տաճարը, բացառությամբ խոյակների, ամբողջապես կառուցված է անտաշ և կոպտատաշ քարերով: Կառույցի շինարարական արվեստում տիրապետում է հետևյալ սկզբունքը՝ յուրաքանչյուր շարք խոշոր քարերից հետո, հաջորդ շարքն իրականացված է մանր քարերով: Պատերը հաստ են՝ 105-135 սմ: Նույնատիպ մի այլ հուշարձան նկարագրել է Թորոս Թորամանյանը: Այն գտնվում է Արթիկի շրջանում՝ Հոռոմ գյուղի հյուսիս-արևելյան բարձունքի վրա: Թ. Թորամանյանը գրում է. «Շենքն ունի միջակ մեծություն և հատակագիծը վարդաձևի նման է: Առաջին և վերջին օրինակն է, որ տեսնում եմ այսօրինակ շինության նախաքրիստոնեական ավերակների մեջ»:

Օխտը դռնե վանքը, գտնվելով Դիզակի վարչական կենտրոն Դողի և եպիսկոպոսանիստ Գտչավանքի մոտերքում, եղել է Դիզակի իշխանների հովանավորության տակ: Վանքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվում են նշանավոր Քթիշ և Գոռոզ բերդերը, որոնք հիշատակվում են Թովմա Արծրունու պատմության մեջ: Օխտը դռնե վանքի վիմագիր արձանագրությունները պահպանվել են միայն ավելի ուշ ժամանակաշրջանի պատկանող երկու խաչքարերի վրա, որոնցից մեկը գտնվում է եկեղեցու բեմի խորքում՝ լուսամուտի տակ, իսկ մյուսը՝ բակում, ավերված մատուռի ներսում:

Առաջին խաչքարը՝ X-XII դարերի ոճով, ներքին հատվածում ունի անթվակիր հետևյալ արձանագրությունը. «Յիշեայ Քս.ած. զԱշոտ և ողորմեայ»: Քանդակագործության հիանալի օրիակ է եկեղեցու տարածքում գտնվող մյուս խաչքարը, որի վրա պահպանվել է այս արձանագրությունը` «Հ. թվ: ՆՂԳ (1044 թ.): Զկանդիլին Մի (աբ) ով սուրբ Տերունի բարեխաւսե առ Քս»: Օխտը դռնե վանքը դեռ իր գաղտնիքները լրիվ չի բացել: Տեղում հնագիտական և այլ կարգի ուսումնասիրությունները երևան կբերեն նոր նյութեր, որոնք լույս կսփռեն վանքի պատմության վրա՝ թույլ տալով որոշելու նրա տեղն ու դերը հայ բազմադարյան ճարտարապետության պատմության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button