<<Զարթուցիչում>> շարունակում ենք ծանոթանալ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների հետ։ Մեր հերոսուհին տասը տարական Վիկա Ավետիսյանն է՝ Արցախի Հադրութ քաղաքից։
Պատերազմի առաջին օրը նրանք տեղափոխվել են Հայաստան, հայրն ընտանիքին բերել է Երևան, հետո մեկնել է ռազմաճակատ։ Հիմա Վիկան երկու երազանք ունի․ նախ, որ հայրիկը ողջ ու առողջ հետ վերադառնա, և երկրորդ՝ հաղթանակից հետո տպագրի իր հեքիաթների գիրքը։
Իր հեքիաթներում նա պատմում է բարության մասին, ներողամտության, ընկերասիրության, որ չի կարելի վիճել ընկերների հետ, ստել ու նեղացնել իրար։
Երևանցի Արտյոմը, Յուրան, Գագիկը, Մարիաննան, Արթուրն ու Սլավան այս օրերին կամավորական աշխատանքներով են զբաղվում։ Նրանք որոշել են նկարել, գումար աշխատել, և վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին։ Մեկ օրվա ընթացքում 70 հազար դրամ արդեն հավաքել են և կանգ չեն առնելու։
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն էլ կոմպոզիտորի ծննդյան 149 ամյակի առթիվ կազմակերպել էր «Խաղաղության կռունկներ» միջոցառումը:
Հայտնի է, որ կոմպոզիտորը մանկուց շատ է սիրել օրիգամիներ պատրաստել, ինչպես նաև ունեցել է կակաո պատրաստելու իր սեփական բաղադրատոմսը։ Թանգարանը որոշեց հիշել Ալեքսանդր Սպենդիարյանի սիրելի զբաղմունքների մասին և յուրօրինակ ձևով անցկացնել նրա ծննդյան օրը։