Ես Քրիստ հայրիկն եմ և էսօր ուզում եմ խոսել հայրենասիրությունից։
Մեր հաղորդաշարը, հիշեցնեմ, կոչվում է «Հայրիկի դասերը»։ Ու առաջին հայացքից՝ «հայրենասիրության դաս» արտահայտությունը թվում է անհեթեթ․ հայրենասիրությունն էն հասկացությունը չի, որը պիտի վերլուծես, մտքով ու տրամաբանությամբ հասկանաս, որ հետո էլ դեռ դասավանդես ուրիշներին։
Եվ այնուհանդերձ, համարձակվում եմ նկատել, որ շատ ու շատ կյանքի դասերի հետ հայրենասիրությունն էլ է սովորելու բան։ Եվ հայերնասիրության դասերն էլ են պետք, մանավանդ հիմա՝ պատերազմի ժամանակ։
Հայերնասիրությունն անձամբ ինձ համար նույնացվում է պատասխանատվության հետ՝ նախ և առաջ։ Այսինքն, մարդ չպիտի լինի անտարբեր։ Եթե մենք անտարբեր լինենք մեր երկրում, մեր քաղաքում, մեր բակում, մեր շենքում տեղի ունեցող բացասական կամ կասկածելի երևույթների նկատմամբ, ուրեմն մենք հայրենասեր չենք։
Եթե դրսևորում ենք փոքրոգություն, չտեսնելու ենք դնում անընդունելի բաներ, վախենում ենք խոսել, մեր մտքում ասում ենք․ «Լավ, դե՛․․․ ինչ գործ ունեմ, ի՞նձ ինչ․․․», ուրեմն, մենք անտարբեր ենք ու ոչ հայրենասեր։
Ընդհանրապես, եթե որևէ գործում չկա հայրենասիրություն՝ ուրեմն չարժի էդ գործը ձեռնարկել, չարժի ընդհանրապես դա անել։ Ո՞վ ասաց, որ միայն հայրենիքը զենքով ու կյանքի գնով պաշտպանող զինվորը պիտի լինի հայրենասեր։ Պիտի շենքի պատ բարձրացնող բանվորն էլ լինի հայրենասեր, երթուղայինի վարորդն էլ, ակադեմիկոսն էլ, ուսուցիչն էլ, հավաքարարն էլ, երաժիշտն էլ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչն էլ, նույնիսկ, գործազուրկն էլ։
Հայրենասիրության ամենամեծ դրսևորումներից մեկը, ես գտնում եմ, պայքարն է օտարամոլության դեմ։ Դա, իմ խորին համոզմամբ, մի ահավոր, վարակիչ, քայքայիչ հիվանդություն է, որի հիմքում գավառականությունն ու անգիտությունն են։ Մարդն իրավունք չունի լինել օտարամոլ, էլ ուր մնաց՝ իր երեխաներին դաստիարակի էդ ոգով։
Երբեք չեմ մոռանում, թե եինչպես Լոս Անջելեսում, մի բացահայտ գեղջկական արտաքինով ու շարժուձևով երիտասարդ հայ մայրիկ, իր նոր քայլող երեխայի ձեռքը բռնած, համառորեն վերջինիս հետ խոսում էր կոտրած, սխալ անգլերենով, համոզված,որ իր երեխային սովորեցնում է նրա ապագայի լեզուն։
Ախր էդ երեխան կմեծանա ու ամերիկյան դպրոց գնալով միևնույն է կսովորի անգլերենը։ Ամերիկայում ամենուր ու ամեն ինչ անգլերեն է, ավելի ճիշտ՝ ամերիկերեն, այսինքն՝ ամերիկյան անգլերեն։ Իսկ այ, իր մայրենի լեզուն տվյալ երեխան կարող է և անտեսել, մանավանդ նման մայրիկի առկայության ու էդպիսի դաստիարակության դեպքում․ինչով, որոշ ծնողներ անգամ հպարտանում են։
Պատկերացնու՞մ եք՝ իրենց հայ երեխան հայերեն վատ գիտի կամ չգիտի, իսկ ծնողը փոխանակ մտածի, թե գլուխը որ պատով տա՝ հպարտանում է դրանով։
Էս հիվանդությունը կա բոլոր գաղութներում, մի քիչ շատ, մի քիչ պակաս, բայց նման երևույթ կարելի է տեսնել ցանկացած հայկական գաղթօջախում։ Բա էլ ինչպիսի՞ն է լինում օտարամալությունը, եթե ոչ հենց էսպիսին։ Այ սա՛, հայրենասիրության անընդունելի պակասից է գալիս։
Օտարամոլության շատ տարբեր դրսևորումներ կան․ սեփական մշակույթը թողած՝ գերադասել օտարի մշակույթը, օտարի լեզուն, սովորությունները, հեգնանքով վերաբերվել սեփական ժողովրդի ձեռք բերած արժեքներին, սովորություններին, մտածելակերպին․․․ Նման ցավերով տառապող մարդը նման է մի հիվանդի, որը չի ուզում ընդունել, որ ինքը հիվանդ է, իսկ նրա կողքով անտարբեր անցնողներն էլ նման են էն բժիշկներին, որոնք տեսնելով հիվանդի վիճակը և ի զորու լինելով նրան փրկել՝ դա անելու հավես չունեն։
Մարդ երբեք, երբեք չպիտի ամաչի իր տեսակից, իր ժողովրդի սովորություններից, իր երգուպարից, իր պոեզիայից, իր ճարտարապետությունից, սեփական լեզվից․․․
Ինչ լեզվով մտածում եք՝ էդ լեզվի մշակույթի կրողն եք հանդիսանում։ Համենայն դեպս էսպես են պնդում խելացի մարդիկ։
Հայրնասրությունը չի փոխարինի ծանր հրետանուն, բայց առանց հայրենասիրության ամնածանր հրետանին անգամ չի գործի, կամ պարզապես չի խոցի թիրախը։