Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից հետո հատուկ ուշադրություն պետք է դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը, հայտնում է Ռիա նովոստին։
«Վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մտնում ենք խաղաղ կարգավորման փուլ, պետք է հատուկ ուշադրություն դարձվի միմյանց, ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների, այդ երկրներում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին: Ընդհանուր առմամբ, շատ անելիքներ կան, որպեսզի ամուր, պատմականորեն Ղարաբաղի հետ կապված հայերի և ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը նույնպես դառնա միավորող գործոն այն քայլերում, որոնք պետք է կիրառվեն», — նշել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Լավրովն ասել է, որ Մոսկվան ներգրավելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին`Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար։
«Մենք, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավենք, որպեսզի մշակութային ժառանգության այդ ուժերը վերականգնվեն, ապահովվի դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք»,- ասել է նա։