ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ըստ Թովմասյանի՝ Արցախի նախագահը հուսադրել է, որ վանքը մերն է և վերջ։
«Ինձ համար անակնկալ կերպով ստորագրված գիշերային փաստաթուղթը շատ հարցեր է առաջացրել։ Օրինակ՝ ինչպես կարող ենք մեր հողերը, պատմամշակութային օբյեկտները (հատկապես հետաքրքրվեցի Դադիվանքի մասին) գրչի մի հարվածով տալ թշնամուն։ Արցախի նախագահը հուսադրեց, որ վանքը մերն է և վերջ»,- գրել է Պատգամավորը։
Ըստ գրառման՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ է շատ ցանկացել օր առաջ դադարեցնել 45 օրյա պատերազմը։
«Ընդհանրապես Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ կարևորը հրադադարը հաստատվեց և պահպանվի։ Մնացած հարցերը կլուծվեն աստիճանաբար։ Ռուս խաղաղապահների մուտքը Արցախ շատ կարևոր էր, որպեսզի երկարատև խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,- գրել է Թովմասյանը։
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նաև՝ Արցախը շատ շուտով այնպիսի բնակավայր է դառնալու, որ մարդիկ հերթագրվեն՝ այստեղ բնակություն հաստատելու համար։
«Բոլորին, ովքեր կցանկանան Արցախում ապրել, կտրվեն բնակարաններ, ապրուստի միջոցներ և երջանիկ ընտանիքի մոդելը դառնալու է վարակիչ»,- ըստ Թովմասյանի ասել է ԱՀ նախագահը։
«Առաջիկա օրերին կարող են փախստական դարձած արցախցիները վերադառնալ իրենց բնակարաններ։ Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։ Իսկ Հադրութի և Շուշիի տարածքների բնակակիչների համար առաջիկայում կլուծվի իրենց հայրենի Արցախում ապրելու հարցը»,- գրել է Թովմասյանը։