Հայկական էսքիզներ

Դեպի արևը՝ ինը աստիճանով

Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի և նրա մաս կազմող առանձին կառույցների մասին պատմել ենք «Հայկական էսքիզներ» շարքի նախորդ զրույցներից մեկում: Բայց համալիրի գլխավոր կառույցին՝ Գառնու հեթանոսական տաճարին, որոշեցինք անդրադառնալ առանձին զրույցով, ինչը և անում ենք այսօր:
Գառնու տաճարն առաջին անգամ տեսնողներից շատերին հանդիպումը նշանավոր կոթողի հետ սկզբում փոքր-ինչ անակնկալի է բերում. խոսքը տաճարի չափերի մասին իրենց պատկերացման և կառույցի իրական չափերի միջև տարբերության մասին է. տաճարը շատերին պատկերացրածից փոքր է թվում սկզբում: Բայց բավական է հաղթահարել դեպի կառույցի ներսը տանող ինը աստիճանների վերելքը, հայտնվել օրվա քսանչորս ժամերը խորհրդանշող քսանչորս սյուների միջև, նայել վերևում ասես երկնքից կախված զարդաքանդակների պտույտին, հայացքդ տեղափոխել շրջակա ժայռ-պահապաններին ու հասկանալ, որ դու սովորական վայրում չես և որ «մեծ» ու «փոքր» հայտնի հականիշ զույգը այստեղ չի գործում:

Գառնու տաճարը միակ հեթանոսական կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Այն հայտնի է նաև Միհրի տաճար անունով, որովհետև ենթադրվում է, որ նվիրված է եղել հայոց հեթանոսական դիցարանի արևի և լույսի աստված Միհրին: Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն տաճարը հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից ենթադրաբար մ.թ 77 թվականին: Պատմությունից գիտենք, որ հետագայում, երբ հայոց արքա Տրդատ III-ի օրոք Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվեց, հեթանոսական երկրպագության բոլոր շինությունները ոչնչացվեցին: Անվնաս մնաց միայն այս մեկը, և դա՝ Տրդատ III թագավորի քույր Խոսրովիդուխտի շնորհիվ. նա է խնդրել եղբորը անվնաս թողնել Գառնին:


Ավերվել են տաճարի զոհասեղանը, կռապատկերները, բայց տաճարը, ոչ իր նախնական նշանակությամբ իհարկե, շարունակել է կանգուն մնալ մինչև 1679 թվականը, երբ ավերիչ երկրաշարժը կործանել է այն: Բարեբախտաբար կործանված տաճարի սյուների կտորները, պատերի քարերի ու խոյակների մասերը ընկած են մնացել տաճարի շուրջը և շրջակա ձորում, ինչն էլ հետագայում հնարավորություն է տվել վերականգնելու տաճարը: Տաճարի վերակառուցումն իրականացվել է ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի գլխավորությամբ և ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից գրեթե 300 տարի անց:
Եվ ահա այսօր…մոտենում ես հնամյա պարսպի պահպանված մուտքին, մտնում արգելոց-թանգարանի տարածք ու…քայլիր առաջ. եռանկյունաձև հրվանդանի վերին անկյունում քեզ սպասում է հրաշքը՝ Գառնու հեթանոսական տաճարը:

Եվ, որպես Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանին նվիրված մեր զրույցի եզրափակում, մի հետաքրքիր տեղեկություն եմ ուզում ձեզ ներկայացնել: Գիտեի՞ք, որ մեր թվարկության առաջին դարի հիսունական թվականներին հենց այստեղ՝ Գառնու ամրոցի տարածքում տեղի ունեցած պատմական դեպքերն են ընկած հայտնի մի օպերայի՝ Հենդելի «Հռադամիզդ» օպերայի լիբրետոյի հիմքում: Պատմական այդ դեպքերի մասին տեղեկությունները մեզ հասել են հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսի «Տարեգրություններ» աշխատության շնորհիվ: Հանուն իշխանության ու գահի մղվող պայքարում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերին և օպերայի լիբրետոյին այս զրույցի ընթացքում անդրադառնալ չենք հասցնի: Կարծում եմ, ցանկության դեպքում ինքնուրույն էլ կարող եք պարզել՝ ինչի մասին է խոսքը:
Ասեմ պարզապես, որ Հենդելի «Հռադամիզդ» օպերայի 300-ամյակը լրանում է այս տարի, և մշակույթի հայ, վրացի եւ ռուս գործիչները նախատեսել են 2021 թվականին օպերան բեմադրել Հայաստանում՝ որպես կենդանի դեկորացիա ունենալով Գառնու տաճարը:

Ցուցադրել ավելի
Back to top button