Կառավարությունն այսօվա նիստում փոփոխություն կատարեց որոշումներից մեկում, ըստ որի փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման կարգում, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժօգնությանը։
«Այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և մրցակցության սահմանափակման հարց չունենանք։ Այսինքն՝ ցանկացած բժշկական հաստատություն, ով ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել։ Եվ հերթին, հերթագրումների ու մերժումների խնդիրներ չեն առաջանա»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա։ «Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ։ Այսինքն՝ մենք զինծառայողին, ով վերականգնողական բուժման կարիք ունի, իրեն ասում ենք՝ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ վերականգնողական բուժումը, և կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- նշեց Փաշինյանը։