Դեկտեմբերի 19-ին՝ ռազմական գործողությունների ավարտի քառասուներորդ օրը Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, կկազմակերպվի հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» և կիրականացվեն հիշատակի այլ միջոցառումներ, իր ուղերձում այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Վարչապետի, հավանական է, որ այդ օրվա դրությամբ մեր բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված չլինեն, կլինեն չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլևս չի կարելի հետաձգել։
«Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան։ Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մի մասն է, և ոչ մի րոպե չի կարող կանգ առնել»,- նշել է նա: