Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու որոշման համար: Նա մասնավորապես նշեց, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրանի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծեց, որ նախաձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության:
Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ: