Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Ներառական Հայաստան» խորագրով պատմություններ։ Այս անգամ «Ներառական Հայաստան»-ի հերոսը Համլետն է, ով երազում է կոմպոզիտոր դառնալ։
Համլետը Երևանի թիվ 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է:
«Համլետը շատ բարի է ու հարուստ ներաշխարհ ունի. դա երևում է երաժշտության նկատմամբ նրա հակումներից»,- ընկերոջն այսպես է բնութագրում Արմանը:
Համլետն այսօր կարդում է, գրում, թվաբանական գործողություններ է կատարում: Ինչպես ներկայացնում է լոգոպեդ Սիրանուշ Ֆայլաբաշյանը, 7 տարվա ջանասեր աշխատանքի արդյունքում նա այսօր հստակ պատասխանում է հարցերին, արտահայտում իր ցանկություններն ու կարիքները:
Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր: Բացի դպրոցից՝ նա նաև «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սան է, որտեղ ուսուցչուհին բացահայտել է նրա երաժշտական հակումները, և այսօր Համլետը հաճախում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց:
Դաշնամուրային կատարումներով մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, հանդես եկել անհատական ելույթներով, ունի բազմաթիվ պատվոգրեր: