Հայկական էսքիզներ

Գորգերի զարդանախշերի զրույցը․ Հայկական էսքիզներ

Շատերիս տների ներքին հարդարանքի անբաժանելի մասն են գորգերը: Նորաոճ, ժամանակակից զարդանախշերով գորգեր գնելը մեր օրերում, իհարկե, ոչ մի բարդություն չի ներկայացնում: Բայց այսօրվա մեր զրույցը այն մի գորգի մասին է, որը վաղուց չի երևացել ձեր աչքին…Այն մեկի, որը, ինչպես տատիկն էր պատմում, իր մայրն է ժառանգություն ստացել մորից և որը, տան վերանորոգումից հետո, ընտանեկան խորհրդի որոշմամբ, որպես շատ հին մի առարկա, տեղափոխվեց նկուղ: Հին հայկական գորգերի մասին է լինելու մեր զրույցը…

Հայաստանում գորգագործությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ են վկայում Արենիի քարանձավում գտնված գործվածքները, հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմիչների հիշատակությունները։ Ասորեստանի թագավոր Սարգոն Երկրորդի Ք.ա. 714 թ. արձանագրություններում, օրինակ, նշվում է Ուրարտուում ստեղծված կարմիր գործվածքների մասին: Ուրարտական ժամանակաշրջանին պատկանող կարպետների պատառիկներ հայտնաբերվել են Արթիկի շրջանում, Կարմիր Բլուրում և Անիում:
Ի դեպ, գորգարվեստի ծագումնաբանության մասին խոսելիս արժե հիշատակել նաև այն փաստը, որ այս ոլորտի ամենահայտնի նմուշներից մեկը՝ Պազիրիկ կոչվող գորգը, ըստ հայտնագործողի՝ Սերգեյ Ռուդենկոյի, գործվել է Վանի թագավորությունում: Գորգը, որը թվագրվում է Ք.ա. 5-րդ դարով և որը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում, տարբեր ժողովուրդներ փորձում են ներկայացնել որպես իրենց մշակույթի մաս, սակայն թե՛ Ռուդենկոն, թե՛ գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շերմանը վստահաբար այն վերագրում են հայկական մշակույթին՝ ելնելով թե՛ զարդանախշերից և թե՛ կարևոր երկու հանգամանքից: Բանն այն է, որ Պազիրիկը գործված է կրկնակի հանգույցով, ինչը հայտնի է որպես հայկական հանգույց, իսկ գորգի կարմիր գունանյութը, ինչպես ապացուցվել է հետազոտությամբ, ստացված է արարատյան որդան կարմիրից:

Միջնադարը հայկական գորգագործության ծաղկման շրջանն էր, երբ հայ վաճառականների միջոցով հայկական գորգերը հայտնվում էին աշխարհի տարբեր երկրների շուկաներում՝աստիճանաբար մեծ պահանջարկ գրանցելով և տարածելով հայկական գորգագործության համբավը: Միջնադարում հայկական գորգերն այնքան հայտնի էին, որ դրանք և, առհասարակ, հայկական ջուլհակագործությունը ստացել էին «հայկական թելեր» բնորոշումը։ Այսպես, 10-րդ դարի արաբ աշխարհագրագետ և ճանապարհորդ Իբն Հաուկալը հիացած նշում է հետևյալը.
«Ինչ վերաբերում է հայկական թելերի արտադրանքին՝ նստոցները, գորգերը, ծածկոցներն ու բարձերը, ապա դրանց նմանը չկա աշխարհի ոչ մի ծայրում»:

Ի՞նչն էր այդպես յուրահատուկ դարձնում հայկական գորգը: Նախ, ինչպես ասացինք, կատարման տեխնիկան՝ կրկնակի հանգույցը, որի շնորհիվ գորգը երկարակյաց էր դառնում, ապա՝ բնական ներկանյութերը, որոնց շնորհիվ ստեղծվում էին հայկական գորգի վառ ու անկրկնելի գույները: Որդան կարմիրից կարմիր գույնն էին ստանում, բաց դեղին կամ կաթնագույն ստանում էին հարդի կամ թթենու տերևի օգնությամբ, սրճագույնի համար կանաչ ընկույզի կեղևն էին օգտագործում, դարչնագույնը ստանում էին ավելուկի արմատներից կամ սոխի կեղևից: Գույներ ստանալու տարբերակները շատ էին, իսկ հարյուրամյակների փորձը նաև այդ գույները չխամրող դարձնելու գաղտնիքն էին սովորեցրել հայ գորգագործներին:


Բայց հայկական գորգերն արժեքավոր դարձնող մեկ այլ գործոն էլ կա. զարդանախշերը: Դրանք խիստ յուրօրինակ են, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը, իմաստը, խորհուրդը: Եվ հենց զարդանախշերն են թաքցնում հայկական գորգերի իսկական տարիքը՝ դիտողին հասցնեով այն անհիշելի ժամանակները, երբ մարդը հավատում էր վիշապների գոյությանն ու նրանց զորավոր ուժին, կենաց ծառի զորությանը, երբ հավատում էր, որ իր հյուսած նախշ-խորհրդանիշները կարող են պաշտպանել իր օջախն ու ընտանիքը չարից, փորձանքից ու հիվանդությունից:

Մեր գորգերի զարդանախշերի մասին կլինի «Հայկական էսքիզների» հաջորդ զրույցը, բայց մինչև մեր այդ հանդիպումը մի խորհուրդ ձեզ․ պահված տեղից՝ նկուղ լինի, խորդանոց, թե սենյակի անկյուն, հանեք տատիկի գորգը, բացեք այն ու փորձեք խոսել դրա զարդանախշերի հետ։ Այո, հենց խոսել․ դրանք խոսել գիտեն, բայց այդ մասին, ինչպես նաև հայկական գորգերի զարդանախշերի խորհրդի մասին՝ մեր հաջորդ հանդիպման ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button