Հայրիկի դասերը

Տնային աշխատանք՝ հայրիկի հետ․ Հայրիկի դասերը

Կորոնավիրուսը շատ ճշտումներ մտցրեց բոլորիս կյանքում, էդ թվում՝ դասերի, պարապմունքների հետ կապված։ Ուսումնական հաստատություններն առաջվա պես տնային հանձնարարություններ են տալիս, և, թեկուզ առցանց, դրանք պետք է կատարել։
Իսկ ո՞վ պիտի օգնի մեր բալիկներին էդ դժվար գործում․․․
Իհարկե՛ մայրիկները, կասեն հայրիկները մեծամասամբ։ Իսկ ես կասեմ՝ նաև հայրիկները։
Մի շատ պարզ ու հասկանալի բան կա՝ երեխաները հայրիկինը կամ մայրիկինը չեն, երեխաները երկուսինն են, թե՛ մայրիկինը, թե՝ հայրիկինը, պարզ է, չէ՞։ Ուրեմն երկու կողմերն էլ պարտավոր են զբաղվել նրանց բոլոր խնդիրներով։ Իսկ դասեր պարապելը ամենակարևոր գործառույթներից է։ Քանզի, երեխան, իսկապես, հաճախ ունի մեր կարիքը․ մեր գիտելիքների, մեր խորհրդի, մեր կենսափորձի կարիքը, քանզի, նա մեզ անվերապահորեն վստահում է։

Սիրելի հայրկներ, ինքներդ գիտեք, թե որքան են ձեզ սիրում ու որքան են ձեզ կապված ձեր փոքրիկները։ Հավատացեք, անգամ ձանձրալի դասերը հայրիկի հետ պարապելը երախայի համար դառնում է գրեթե տոն, առանց չափազանցության։
Անշուշտ, խոսքս այն հայրկների մասին չէ, որոնք անհամբերությամբ պահանջում են փոքրիկից հասկանալ էն, ինչը նրան հեշտ չի տրվում, ձայն են բարձրացնում, պատժում են երեխային և այլն․․․
Էդ կերպ գործող հայրիկներին էլ ասեմ, որ նման հակամանկավարժական մոտեցումն ընդունելի չէ․եղեք ավելի համբերատար, նորից ու նորից բացատրեք երեխային, բերեք կյանքից օրինակներ՝ դրանք միշտ օգնում են հասկանալ նյութը։
Պետք չէ փոքրիկներին սովորեցնել, իբր դասը մի բան է, որը կարելի է անգիր անել միայն գնահատական ստանալու կամ ուսուցչի գովասանքին արժանանալու համար։ Լավ կլինի երեխային բացատրել, որ սովորած դասը հետագայում, կյանքի էս կամ էն հանգամանքներում նրան իսկապես պետք է գալու։ Ընդսմին՝ փոքրիկը պիտի իսկապես կարողանա հասկանալ իր արածն ու ասածը, պիտի սովորի տրամաբանել, ինչում, մենք՝ հայրիկներս պարտավոր ենք նրան օգնել։

Երեխային պետք է ոգևորել ու քաջալերել․․․դա միշտ խրախուսելի է։ Մեր ամեն բառը խորը արձագանքում է փոքրիկի հոգում։ Ու եթե դպրոցում կամ բակում որևէ մեկը էնքան էլ բարյացկամ չի արտահայտվում նրա գիտելիքների հասցեին,դա կարող է երեխային էնքան չվիրավորել, չխոցել, որքան տանը՝ հարազատների բերանից հնչեցված, ոչ դրական որակավորումը։
Ասեմ նաև, որ դեմ եմ էն մոտեցմանը, որը տեղ ուներ մեր ժամանակներում ու հիմա էլ՝ կա։ Այսինքն՝ հայրիկներն օգնում են երեխաներին դասերը պարապել, բայց դա անում են էնպես, որ երեխան լավ չհասկանալով նյութը, ասենք, հայրիկի լուծած խնդիրները ներկայացնում է որպես սեփական մտածողության արդյունք։
Դրա մասին չարժի անգամ երկար խոսել, դա օգնություն չի երեխային, նա էդպես բան չի սովորի, նա ընդամենը կսովորի հետագայում էլ իր բոլոր խնդիրները բարդել ձեզ վրա, դիմել ձեզ ամեն չնչին հարցում ու կյանքում ինքնուրույն չի դառնա ։
Մինչդեռ ամեն երեխա մի աշխարհ է, ամեն երեխա ունի իր բնավորությունը, նախասիրությունները, ամեն երեխա պահանջում է անհատական մոտեցում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button