Բերդ քաղաքում կբացվի Թումո տուփ

Դեկտեմբերի 28–ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում Թումո տուփ կբացվի։ Ինչպես հայտնում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Թումո տուփ նախագծի նպատակն է փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով:
Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։
Ուսանողները՝ ինքնուսուցման փուլը Բերդի Թումո տուփում անցնելուց հետո, ուղևորվելու են Թումո Դիլիջան՝ մասնագիտացված դասընթացներին մասնակցելու։
Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Օրեր առաջ բացվեց առաջին Թումո տուփը Գավառում։