Նորարարներ

Առաջին ծրագրավորողն ու հաշվողական մեքենաները․ Ադա Լավյեյս․ Նորարարներ

Ադա Լավլեյսն աշխարհին առավել հայտնի է որպես՝ Չարլզ Բեբիջի հաշվիչ մեքենաների վերլուծության և այդ մեքենայի համար ստեղծված ալգորիթմների հեղինակ։ Լավլեյսը միանգամից կռահեց իր հայրենակցի հայտնագործության կարևորությունը։Նա գիտեր, որ Բեբիջի ստեղծածն ավելին է, քան սովորական հաշվողական մեքենան։

Ադա Լավլեյսը


Մանկությունն ու պատանեկությունը

Ավգուստա Ադա Քինգը, իշխանուհի Լավլեյսը, ի ծնե Բայրոն ազգանունով, ծնվել է 1815 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ Լոնդոնում։ Եթե ազգանունը ձեզ ծանոթ թվաց, ասեմ, որ նա, այո՛, անգլիացի պոետ Ջորջ Բայրոնի և Աննա Իզաբել Միլբենկի դուստրն է։ Ի դեպ, Բայրոնների ընտանեկան կյանքն այնքան էլ հարթ չէր և ամուսնական զույգը շուտով բաժանվեց։ Իսկ Ադան եղավ Բայրոնի միակ օրինական ժառանգը։

Ադա Լավլեյսի ծնողները՝ Ջորջ Բայրոնը և Աննա Իզաբել Միլբենկը

Ադայի մանկության մասին շատ հակասական պատմություններ են պահպանվել․ մի դեպքում, իբր, նա ապրել է հոր հետ, մի ուրիշ լեգենդի համաձայն՝ մոր, կա նաև երրորդ վարկածը, ըստ որի աղջնակը մնացել է առանց ծնողական խնամքի։
Մանկության տարիները ծանր են անցել նաև հիվանդությունների պատճառով ՝ գլխացավեր, կարմրուկ։ Ասում են, որ նա երկար ժամանակ գամված է եղել անկողնուն։ Բայց, այս ամենը չի խանգարել, որ նա կրթվի ու զարգանա։

Մաթեմատիկական ունակությունները նա ժառանգել էր մորից։ Դեռ վաղ տարիքում Ադան յուրաքանչյուր հարցի մոտենում էր գիտական տեսանկյունից։ Այսպես, 12 տարեկանում, նա որոշեց թռչող սարք նախագծել, օրեր ու ամիսներ անցկացրեց՝ ուսումնասիրելով սարքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերի բաղադրությունն ու ծանոթացավ թռչունների կենսաբանական յուրահատկություններին։

Մաթեմատիկան և ինֆորմատիկան

Ադայի կյանքում վճռորոշ էր 1833 թվականը, երբ ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ։ Ծանոթությունից մեկ ամիս հետո, Ադայի մաթեմատիկական ունակություններով հիացած Բեբիջը՝ նրան հրավիրեց իր արհեստանոց՝ ծանոթացնելու արդեն նախագծված հաշվողական սարքի նախատիպին։

Ադա Լավլեյսը և Չարլզ Բեբիջը


Ադան շարունակ ուսումնասիրում էր մաթեմատիկոսի աշխատանքներն ու պարզաբանումների համար հաճախ էր հյուր գնում նրա տուն։
1842 թվականից, ամիսներ շարունակ, նա զբաղվեց Բեբիջի՝ հաշվողական մեքենային վերաբերող դասախոսությունների ֆրանսերեն թարգմանությամբ։ Այս գործին զուգընթաց՝ նա նյութերին կցում էր նաև իր մաթեմատիկական մեկնաբանությունները։ Ընդ որում՝ նշագրումները մի քանի անգամ ավել էին թարգմանություններից։


Եվ դա, ամենևին, ինքնանպատակ աշխատանք չէր․ այդ ժամանակ Անգլիայի գիտական շրջանակներին գրեթե չէին հետաքրքրում հաշվողական մեքենաներին վերաբերող թեմաները և Ադան ստիպված էր, ինչ-որ կերպ, նրանց բացատրել դրանց կարևորությունը։ Մեկնաբանություններից մեկում՝ նա մանրամասն նկարագրում էր այն ալգորիթմը, որով հնարավոր էր հաշվողական մեքենայով դուրս բերել Բերնուլիի թվերը։ Ավելի ուշ, գիտնականները պիտի խոստովանեին, որ այդ հաշվարկները՝ համակարգչով գործարկվող առաջին ծրագրերն էին, չնայած որ Ադան այդպես էլ չտեսավ Բեբիջի ստեղծած հաշվողական մեքենան։

Հաշվողական մեքենայի նախատիպը

Իր գրառումներում, Ադան գրեթե կանխատեսել էր հաշվողական մեքենաների ապագան և այն, որ այդ սարքավորումները կաշխատեն ինքնուրույն, կստեղծեն ֆորմուլաներ, նկարներ, երաժշտություն, իսկ ահա, արհեստական բանականության ստեղծման վարկածը՝ մաթեմատիկոսը բացառել էր՝ կարծելով, որ սարքը չի կարող ծնունդ տալ մի բանի, ինչը դուրս կգար մարդու կողմից ներդրված ալգորիթմենրի սահմաններից։ Այստեղ , նա փոքր ինչ սխալվել էր․․․

1844 թվականին Ադա Լավլեյսը՝ ընկերուհուն ուղղված նամակում գրել է որ երազում է ստեղծել մաթեմատիկական մի մոդել, որն ամբողջությամբ կկարողանա կրկնօրինակել մարդու նյարդային համակարգը, սակայն այս ամենը մնաց ուղղակի երազանք, նա չհասցրեց սկսել որևէ աշխատություն։
Ինֆորմատիկայի բնագավառում, նրա թողած ժառանգությունը մինչ օրս էլ վիճահարույց է, ոմանք կարծում են, որ նա չէ առաջին ծրագրավորողը, որ այս տիտղոսն իրավամբ պատկանում է Բեբիջին․ իսկ Ադան զբաղվել է այս ամենը հանրայնացնելով։
Թեպետ՝ ինչքան էլ վիճեն, միևնույնն է, բոլոր կողմերն էլ ընդունում են, որ նա է «շրջափուլ» և «աշխատանքային բջիջ» հասկացությունների հեղինակը։

Դրվագներ անձնական կյանքից

Ադա Լավլեյսը նաև գեղեցիկ էր․․․ և գուցե դա էր պատճառը, որ նրա շուրջ, անընդհատ, քննարկումներ կային։

1835 թվականին նա ամուսնացավ Ուիլիամ Կինգի հետ, որն հետագայում ստացավ նոր կոչում և Լավլեյս ազգանունը։ Ունեցան երեք երեխա։ Սակայն ամուսնությունից ու երեխաների ծնունդից հետո էլ Լավլեյսի անվան շուրջ տարատեսակ բամբասանքներ էին պտտվում։

Մահը

Ադա Լավլեյսը՝ մահացավ 1852 թվականին 36 տարեկանում՝ քաղցկեղից։ Լավլեյսի ցանկությամբ նրան թաղեցին հոր կողքին՝ Նոթինգեմշիրում՝ սուրբ Մագդալենայի եկեղեցու բակում Բայրոնների թաքստոց-նկուղում։

Ցուցադրել ավելի
Back to top button