Լուրեր

Ապագա բժիշկն ամեն փրկված կյանքի հետ հասկացել է՝ ճիշտ ճանապարհ է ընտրել

Երևանի Մխիրթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է.

-Պատերազմական պայմաններում, թե խաղաղ օրերին բժիշկը մարտիկ է, որը պայքարում է հիվանդի կյանքի ու առողջության համար: Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկած 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ապագա բժիշկներ կամավոր կամ ծառայության բերումով մեկնեցին առաջնագիծ՝ մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու:Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքի նվիրումի և անմնացորդ ծառայության համար ՀՀ ԱՆ պատվոգրի է արժանացել նաև ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Վահե Գրիգորյանը: Նա 2019 թվականից Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում աշխատում է որպես բուժակ: Պատերազմի հենց սկզբից առաջարկ եղավ շտապօգնության բժիշկների խմբի հետ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար մեկնել ռազմաճակատ:Քարվաճարի շրջանի Չոփռլու կոչվող տարածքում ձևավորվել էր դաշտային հոսպիտալ, որտեղ տեղափոխում էին դիրքերում վիրավորում ստացած զինվորներին: Առաջնագիծ մեկնած շտապօգնության բժիշկների խումբը կատարում էր իր առջև դրված խնդիրը՝ ելնելով օպերատիվ իրավիճակից:Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ստացած գիտելիքները բավարար էին վիրավորներին առաջին բուժօգնություն տրամադրելու համար: «Որպես ապագա բժիշկ ամեն փրկված կյանքի հետ ավելի էի հասկանում, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Այս պայմաններում բուժօգնություն ցուցաբերելիս հաջողվեց փրկել շատերին…»,- ընդգծում է սովորողը: Նա վստահ է, որ բժիշկը պետք է արագ և ճիշտ կողմնորոշվի, որովհետև ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար:Վահեն նշում է՝ օգնելու զգացումը կրկնապատկվում էր, երբ հասկանում էր, որ վիրավորում ստացածն իր տարեկիցն է կամ տարիքով ավելի փոքր:Խոսելով պատերազմական օրերին իր կատարած աշխատանքի մասին՝ ապագա բժիշկն առանձնակի հպարտությամբ է նշում ավագ ընկերոջ՝ Ծովագյուղի ամբուլատորիայի տնօրեն, թերապևտ, փորձառու բժիշկ Վիգեն Մկրտչյանի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button