Լուրեր

Այդպես է սկսվել. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի պատմությունը

Երևանի հնաբնակները, թերևս, հիշում են Չայկովսկի և Խանջյան փողոցների անկյունում գտնվող երբեմնի սև, ցածրահարկ շենքը: Այժմ նրա փոխարեն վեր է խոյանում քառահարկ, տուֆակերտ մի շենք, որի ճակատային մասնառանձնանում է հայկական տուֆի գունային համադրումների ինքնատիպ նախշազարդով: Շենքի վրա փակցված ցուցանակի վրա կարդում ենք. «Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց»:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց մեկ տարի անց՝ 1921թ., հայ անվանի երաժիշտ Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվում է երաժշտական ստուդիա: Այն նախապատրաստական դեր է կատարում կոնսերվատորիայի ստեղծման գործում: Վերջինս երաժշտական միակ կրթական հաստատությունն էր Երևանում մինչև 1929 թվականը: Նորաստեղծ խորհրդային հանրապետության Լուսժողկոմատի որոշմամբ 1929թ. սեպտեմբերին կոնսերվատորիայից անջատվում է նրա տարրական բաժինն իր 60 աշակերտով, և այդպիսով, Երևանում հիմնադրվում է առաջին մանկական մասնագիտացված քառամյա երաժշտական դպրոցը: Դպրոցի տնօրեն է նշանակվում երաժշտագետ Օվսաննա Տեր-Գրիգորյանը:

1930թ. սեպտեմբերին դպրոցին են հատկացվում, հանրահայտ Ղանթարի հարևանությամբ գտնվող, Շահումյան փողոցի թիվ 18 շենքի 4 սենյակները: Դպրոցը կատարում է իր առաջին ընդունելությունը, և շուտով սովորողների թիվը կազմում է 127 աշակերտ: Դպրոցում դասավանդում է 11 ուսուցիչ: Ահա այսպես սկիզբ է դրվում մանկական երաժշտական կրթական մի հաստատության, որին 1930թ. շնորհվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:

1930-31 ուս.տարում դպրոցն ուներ արդեն 257 աշակերտ, որոնք սովորում էին երկու հիմնական բաժիններում՝ դաշնամուրային և լարային: Նույն տարում էլ դպրոցը տալիս է իր առաջին 12 շրջանավարտը:

1935թ.-ից դպրոցը յոթնամյա էր, իսկ 1992թ.-ից առ այսօր՝ տասնամյա:

Իր պատմության ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն իրավամբ համարվում է երաժշտական կրթության իսկական դարբնոց, որտեղ սկիզբ են առել ու կյանքի կոչվել այս բնագավառի հիմնարար ու արմատական բազում հարցադրումներ ու լուծումներ: Այն է՝ ապագա երաժիշտների մասնագիտական ուսուցում, պատանիների գեղագիտական բազմակողմանի դաստիարակություն և համընդհանուր լուսավորչական առաքելություն, երաժշտական գրագետ լսարանի ձևավորում, մանկավարժական կադրերի պատրաստում, ուսումնամեթոդական տարբեր ծրագրերի ստեղծում, գիտագործնական աշխատանքների կենտրոնացում և այլն:

Դպրոցը սկզբնական երաժշտական կրթություն է տվել 5000-ից ավելի պատանիների: Շրջանավարտներից լավագույնները հայերաժշտարվեստի ականավոր գործիչներ են՝ նախկին Խորհրդային Միության և ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, հայ կատարողական արվեստի անվանի դեմքեր: Նրանց թվում են կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Ադամ Խուդոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Գագիկ Հովունցը, Ռոբերտ Ամիրխանյանը և այլոք: Շրջանավարտներից շատերը համալրել են հանրապետության ճանաչված երաժշտական կոլեկտիվները, դասավանդում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանրապետության և մայրաքաղաքի երաժշտական ուսումնարաններում, երաժշտական ու արվեստի դպրոցներում, կրթական այլ հաստատություններում: Դպրոցի շրջանավարտների թվում են նաև բազմաթիվ գիտական ու հասարակական գործիչներ:

ԱՅՍՊԵՍ Է ՍԿՍՎԵԼ…

Հիմնադրման առաջին իսկ տարիներից դպրոցում դասավանդել են այնպիսի հիանալի մանկավարժներ, որոնց անուններն այսօր երախտագիտությամբ են հիշվում դպրոցի տարեգրության մեջ՝ պրոֆեսորներ Աննա Մնացականյան, Դմիտրի Լեգկեր, դոցենտներ Դավիթ Սողոմոնյան, Եվգինե Խանկալամյան, Օլգա Բաբասյան, Եվգինե Խոսրովյան, կոմպոզիտոր Միքայել Միրզայան, դասատուներ Անդրեյ Կոտլյարևսկի, Կոնստանտին Խիզանյան, Հեղինե Քացախյան, Վերոնիկա Աշխարումյան, Զավեն Շախիջանյան, Սաթենիկ Ասլամազյան, Սիրանուշ Մարգարյան, Սուսաննա Թորոսյան, Գոհար Հակոբյան, Սուսաննա Վարդանյան, Արամ Հախնազարյան, Իզաբելլա Կարճիկյան, Արփիկ Ղազարյան և շատ ուրիշներ…

Նորաստեղծ երաժշտական դպրոցում գործել են Երևանում առաջին մանկական լարային նվագախումբը, առաջին երգչախումբը, զանազան անսամբլներ: Լարային նվագախմբի առաջին ղեկավարն էր հայ անվանի նվագավար Միքայել Մալունցյանը: Հետագա տարիներին նվագախումբը ղեկավարել են հմուտ մանկավարժներ Դավիթ Սողոմոնյանը, Ռուբեն
Ստեփանյանը, Անդրանիկ Սողոմոնյանը, Հակոբ Լոգյանը, Յուրի Պողոսյանը: Երգչախմբի պարապմունքները տարբեր տարիների դպրոցում վարել են Միքայել Միրզայանը, Հեղինե Քացախյանը, Մարտին Մազմանյանը, Վարդուհի Զաքարյանը, Անահիտ Խաչատրյանը, իսկ ավելի ուշ՝ Տիգրան Հեքեքյանը, Նունե Խոջամիրյանը:

Լարային տարբեր անսամբլները ՝ տրիոներ, կվարտետներ, ղեկավարել են այդ գործի այնպիսի հմուտ մասնագետներ, ինչպիսիք էին Դավիթ Սողոմոնյանը, Անդրեյ Կոտլյարևսկին, Գուրգեն Ադամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Շավարշ Բաղդասարյանը, Էդվարդ Մարգարյանը: Սկզբնական շրջանում դպրոցում գործել է նաև ռիթմիկայի դասարան Պրեսնյակով ամուսինների ղեկավարությամբ:

Մեծ է դպրոցի հիմնադիրներից մեկի՝ երկարամյա ուսմասվար /1953-1986թթ./ և տեսական բաժնի վարիչ, վաստակավոր ուսուցչուհի Հեղինե Քացախյանի ավանդը: Մինչև իր կյանքի վերջը ընկեր Էլյան անսահման նվիրվածությամբ էր աշխատում հարազատ դպրոցում՝ իր բազմավաստակ փորձն ու գիտելիքները, երաժշտական ու մարդկային բարության դասերը փոխանցելով թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Մեծ են Հ.Քացախյանի ծառայությունները մանուկների երաժշտական կրթության, երաժշտատեսական առարկաների դասավանդման մեթոդների զատարելագործման, ինչպես նաև տարբեր դասագրքերի ու ձեռնարկների ստեղծման գործում:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից դպրոցը միշտ էլ եղել է
հայ մշակույթի գործիչների, անվանի երաժիշտ-կատարողների ուշադրության ներքո, մշտապես օգտվել նրանց մասնագիտական արժեքավոր խորհուրդներից: Ռոմանոս Մելիքյան, Կոնստանտին Սարաջյան, Գեորգի Սարաջյան, Ռոբերտ Անդրիասյան, Գայանե Չեբոտարյան, Կարպ Դոմբաև, Վազգեն Ավետիսյան, Վաչե Ումր-Շատ, Էլեոնորա Ոսկանյան… Ահա դպրոցի տարբեր տարիների խորհրդատուների ոչ լրիվ ցանկը:

Տարբեր տարիներ դպրոցը տնօրինել են Օվսաննա Տեր-Գրիգորյանը (1929-1930), Լուսիկ Հովսեփյան-Թոթովենցը (1930-1937), Սամսոն Գասպարյանը (1937), Մարտին Մազմանյանը (1937-1944), Վարդուհի Զաքարյանը (1944-1956), Բաբկեն Սարգսյանը (1956-1982), Սերգեյ Քեչեկը (1982-1995), Գեորգի Հախնազարյանը (1995-1997), Մերուժան Սիմոնյանը (1997-1999), Սամվել Սահակյանը (1999-2011):

Աղբյուրը՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց:

Ցուցադրել ավելի
Back to top button