Իրանի քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը վերացվել է, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թվականի հունվարի 11-ից ՀՀ ամբողջ տարածքում գործող կարանտինը երկարաձգվել է ևս վեց ամսով /մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ներառյալ/՝ պայմանավորված COVID-19 հիվանդությամբ։
Միաժամանակ, փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ մուտք գործելու ընթացակարգի մեջ։ 2021թ. հունվարի 12-ից վերացվել է ԻԻՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը։
Հիշեցում կա նաև, որ օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնել COVID-19-ի բացասական արդյունքով թեստ որևէ բժշկական կենտրոնից անգլերեն լեզվով՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության։