Մանկահասակ երեխաների նկարներ ցանցում հրապարակելիս եղեք զգույշ. ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացնում է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է, որ մանկահասակ երեխաների նկար ցանց դնելիս՝ օգտատերերը լինեն առավել զգույշ.
—
Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով,- նշում է նա: