Լուրեր

Արմաթն օդում․ կրթական նոր ծրագիր ԱՏՁՄ-ից՝ հայրենիքի պաշտպանության համար

ԱՏՁՄ-ն հանդես է եկել նոր նախագծով՝ «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրով։ Վերջինս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է: Այն իրականացվում է ԱՏՁՄ-ը՝ «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության մշակած մեթոդաբանությանը համապատասխան:

««Արմաթն օդում» ծրագրի իրականացումը նախորդ հուլիսին կյանքից անժամանակ հեռացած մեր սիրելի Կարեն Վարդանյանի համար գերագույն առաջնահերթություն էր։ Մենք մեծ ոգևորություն ենք զգում՝ կյանքի կոչելով նրա տեսլականը, որի կարևոր բաղադրիչներից է երիտասարդների շրջանում բարձր տեխնոլոգիական ոլորտի առանձին ուղղության՝ ավիացիոն ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումը», — նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն սկսում է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրվում 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 միլիոն դրամ, որից 52 միլիոն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Աշխատանոցները նախատեսված են լինելու 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի՝ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները։

ՀՀ տեխնոլոգիական ապագայի համար Ձեր նվիրաբերությունը կարող եք անել «Արմաթ» ԻԼ պաշտոնական կայքի «Նվիրաբերել» բաժնում՝ մեկնաբանության հատվածում գրելով «ԱԹՍ» գրառումը։ Եթե ցանկանում եք նվիրաբերել գումարներ «Արմաթ» լաբորատորիա հիմնելու՝ մեկնաբանության հատվածում նշում եք «Արմաթ լաբ» գրառումը: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման փաթեթի արժեքը՝ 6.5 մլն. դրամ կամ 12.250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ «Արմաթ» լաբորատորիայի հիմնադրման արժեքն է՝ 4.5 մլն. դրամ կամ 8480 ԱՄՆ դոլար: Գումարների փոխանցման ժամանակ կարող են օգտագործվել նաև հետևյալ բանկային տվյալները:

Ցուցադրել ավելի
Back to top button