Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում են Հսկայի այգին ու խաղում։ Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչունները նստում էին ծառերին և երգում էնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում։
Սակայն մի օր, հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուելի մարդակերի մոտ, վերադարձավ։ Նա վռնդեց այգում խաղացող երեխաներին, այգու շուրջը բարձր պարիսպ շինեց ու մի ցուցատախտակ կախեց. «ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ»:
Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեին։ Փորձում էին խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ էր և նրանց դուր չէր գալիս։ Դասերից հետո միշտ թափառում էին բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։
-Ի՜նչ երջանիկ էինք էնտեղ,– ասում էին նրանք միմյանց։
Հետո եկավ գարունը։ Ողջ գյուղում բացվեցին ծաղիկները, թռան, եկան և թռչունները։ Միայն եսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ էր։ Թռչունները չէին ուզում էնտեղ երգել, որովհետև երեխաները չկային, իսկ ծառերը կարծես մոռացել էին ծաղկել, ամենուր առաջվա պես ձյուն էր․․․