Լուրեր

Պարույր Սևակի ծննդավայրում նշել են նրա տարեդարձը

Ձևավորված ավանդույթի համաձայն` Պարույր Սևակի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ: Հունվարի 24-ին պոետը կդառնար 97 տարեկան:

Ինչպես տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը, ցերեկույթին մասնակցել են Արարատի  մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները:

Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:

Շնորհավորելով բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ` մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նշել է, որ Պարույր Սևակը հայ ազգի այն մեծագույն գրողներից մեկն է, որի թողած անկրկնելի ժառանգությունն առ այսօր սերունդներ է կրթում ու դաստիարակում և այդ ստեղծագործությունները հայ գրականության փառապանծ էջերից են:

Նշվում է, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով և Արցախյան 2-րդ պատերազմում ունեցած մեր զոհերի հիշատակով պայմանավորված, ցավոք սրտի, հնարավոր չի եղել բազմամարդ միջոցառումներ կազմակերպել և մեծ շուքով տոնել Պարույր Սևակին նվիրված այս առանձնահատուկ օրը:

Ցուցադրել ավելի
Back to top button