Լուրեր

200 դպրոց ստացել է համակարգաչային սարքավորումներ

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։

Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում: Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը:

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ հարթակում: 2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների։

Ցուցադրել ավելի
Back to top button