Հայրիկի դասերը

Մարզվեք, որ ապրեք․ Հայրիկի դասերը

Կուզեի խոսել սպորտից, ֆիզիկական պատրաստականությունից, մարմնամարզությունից, բաներ, որոնք մարդիկ տարիքի հետ սկսում են կամաց-կամաց արհամարհել, բայց որոնք շատ կարևոր են, և առանց որոնց ապրելն անգրագիտություն է։
Նախկինում Հրազդանի ձորում, «չռիկի» մոտ ասեղ գցելու տեղ չէր լինում, հիմա սեփական առողջությամբ զբաղվողներն էնտեղ շատ ավելի քիչ են․ սա ցավով եմ ասում։
Ընդհանրապես ժամանակի, դարի հրամայականն է՝ մարդիկ քիչ են շարժվում, հիմնականում նստած են գրասենյակներում, համակարգիչների առաջ, ժամերով, երբեմն՝ օրվա մեծ մասը, և նույնիսկ առողջության ամենատարրական նորմերը չեն պաշտպանում ։ Իմացող մարդիկ, բժիշկները, խորհուրդ են տալիս աշատանքային օրվա մեջ գոնե մի քանի անգամ պարզապես վեր կենալ աթոռից, ու մի քիչ շարժել վերջույթները, գլուխը, վիզը, սա, պարզապես, պարտադիր է։
Բայց շատերն էդ տարրական բաներն էլ չեն ուզում անել, դա և ալարկոտւթյուն է և արհամարհանք սեփական մարմնի հանդեպ։
Անկեղծ հիացմունքով եմ նայում էն մարդկանց, ովքեր ուժ ու ժամանակ են գտնում առավոտները վազելու, մարմնամարզությամբ են զբաղվում և առողջ ապրելակերպ են դավանում։ Մինչդեռ, մեզնից շատերի համար, սպորտը սահմանափակվում է հեռուստացույցով ֆուտբոլային խաղեր դիտելով՝ գարեջուր կլանելուն զուգընթաց։
Եվ հարգում եմ էն հայրիկներին, որոնք իրենց բալիկներին տալիս են սպորտի ու իրենք էլ ինչ որ հրաշքով կարողանում են հետևել սեփական առողջությանը, բազմազբաղ օրվա մեջ թեկուզ 20-30 րոպե փախցնելով մարզվելու համար, թեկուզ տան պայմաններում։
Թե ուր է գնում, կամ ավելի ճիշտ՝ գլորվում մարդկությունն էս տեմպերով՝ դժվար չէ կռահել՝ դեպի շատ ավելի անշարժ, քարացած կյանք, որից տուժում է նախ և առաջ մարմինը։ Էլ ու՞ր մնաց «առողջ մարմնում առողջ հոգի» թևավոր ճշմարտությունը․․․
Մի խոսքով, սիրելի հայրիկներ, նորից դիմում եմ ձեր խոհեմությանը, առողջ բանականւթյանն ու զգոնությանը։ Համակարգչից ու հեռախոսից, իհարկե, չես զրկի երեխաներին, բայց վերահսկել, հատկապես փոքրերի տեղաշարժն ու թափառումները դրանցում, ինչպես նաև՝ նրանց անցկացրած ժամերը մոնիտորի առաջ, հեռախոսի մեջ՝ պարտադիր է, ուղղակի անհրաժեշտ է։
Թող ձեր բալիկները լինեն զարգացած ոչ միայն ինտելեկտով, այլ նաև՝ մարմնով, թող սովորեն չարհամարհել ֆիզիկական դաստիարակությունը։ Իսկ դա նախ և առաջ ձեր իրավասությունների մեջ է մտնում, դա ձեր պարտականություններից է։
Հաճախակի հանեք ձեր ընտանիքը զբոսանքների, սովորեցրեք ձեր հարազատներին սիրել շարժումը, արագությունը, ճկունությունը, թող նրանք հաճույք ստանան վազելուց, թռչկոտելուց, լողալուց, գնդակ գլորելուց, հրումներ անելուց, դահուկավազքից ու չմշկասահկից, ցատկապարան խաղալուց․․․
Միշտ հիշեք՝ առողջ մարմնում առողջ հոգի։ Եվ ձեր հարազատները կապրեն մինչև խոր ծերություն։ Ու դուք նույնպես, սիրելի հայրիկներ, եթե գիտեք գնահատել առողջ ապրելակերպը։

Ցուցադրել ավելի
Back to top button