Շատ տաք փետրվար է կանխատեսվում՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է 4-5 աստիճանով նորմայից բարձր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում:
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+4, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+17։
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15 աստիճան, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7…+10։
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6, Տավուշի մարզում՝ +5…+7 աստիճան, Վայոց ձորում՝ նախալեռնային շրջաններում՝ +4…+5 աստիճան, լեռնային շրջաններում` 0…-2, Սյունիքում՝ հովտային շրջաններում +8…+10, նախալեռնային շրջաններում` +3…+6 աստիճան։
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-7, առանձին օրերի` բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17։