Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Երկու հարևան

Ժամանակին, մի գյուղում, երկու հարևան են լինում։ Մի օր, սրանցից մեկը, արտից ցորեն է կրում։ Ոնց է պատահում, հակառակի պես, սայլը շուռ է գալիս, խրձերը թափվում են դես ու դեն։
Էս խեղճ սելվորը մնում է շվարած, ձեռքը ծոցին դրած, ի՞նչ անի, ինքը մենակ մի մարդ, սայլը ո՞նց բարձի։
Դու մի ասի, սրա հարևանը էդ ճամփով անցնելիս է լինում, տեսնում է, թե ինչ է պատահել, օգնում է սայլապանին, սայլը նորից բարձում են, ընկնում են ճամփա։
-Բա՜,- ասում է հարևանը,- ես որ չլինեի, դու մենակ կկարողանայի՞ր սելը տեղը դնել, խրձերը բարձել։
-Չէ՜, իսկապես շնորհակալ եմ,- ասում է սայլատերը,- մենակ մարդը ո՞նց կարա սել բարձի։
Քշում են, մի քիչ տեղ գնում, էս հարևանը էլի, թե.
-Հը, տեսա՞ր ոնց օգնեցի, սելը բարձեցինք։
-Հալբաթ որ, կրկին ասում է սայլապանը,- բա ո՞նց, հարևանությունը էլ որ օրվա համար ա, որ նեղ տեղը մարդիկ իրար չօգնեն։
Մի քիչ տեղ էլ են անց կենում, հարևանը, թե.
-Ա՜, չէ, ես որ չլնեի, դու սելդ ո՞նց էիր բարձելու, հը՞․․․դե ասա է՜, ասա՛, գոնե գնահատում ե՞ս լավությունս, հը՞․․․այ ախպեր․․․
Սայլատերը տեսնում է, որ սա դեռ շատ է համը հանելու, «հո՛, հո՛» է անում, եզները կանգնեցնում։ Ճռնչալով ուսը դեմ է անում, սայլը շուռ տալիս, խրձերը ցաք ու ցրիվ անում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button