Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ. Քեֆ անողի քեֆը չի պակսի

Ըստ՝ Հովհաննես Թումանյանի

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Նա սովորություն ուներ՝ շորերը փոխած ման գալ իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագի ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում ու ներս է մտնում։ Տեսնում է դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

-Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշը նստում է նրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին, երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

-Անունդ ի՞նչ է, բարեկամ։

-Հասան։

-Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ 

-Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,-պատասխանում է Հասանը,- Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

-Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես,- հարցնում է դերվիշի կերպարանք առած Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։

-Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

-․․․Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ ոչ ոք չուստ չկարի։

-Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների հետևից․․․Երբ էդպես բան պատահի, էն ժամանակ կմտածենք․ քեֆ անողին քեֆ, չի պակսիլ, դերվիշ բաբա։ Աշխարհքի բան է՝  ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

-Լա՛վ, աստված տա,- բարեմաղթում է դերվիշն ու գնում․․․

Մյուս օրը մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է փինաչիների խանութները փակել, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի չուստ կարկատելու։ Զանցառուների գլուխները կթռչեն․․․

Ցուցադրել ավելի
Back to top button