Լուրեր

Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Մեկնարկել է Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը՝ այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 

Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800 քմ մակերեսով, մեկհարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։ 

Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: 

Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:Մրցույթը կիրականացվի ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: 

Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլգնումների համակարգի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button