Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն

Նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) լիցենզավորվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
Համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության՝ մարտի 4-ին կայացած նիստում:
Մինչ այժմ գործող կարգավորմամբ լիցենզավորման պահանջը տարածվում էր միայն նախադպրոցական կրթական ծրագրերի վրա:
Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի օրենսդրական պահանջ` պարտադիր լիցենզավորման վերաբերյալ, որը կտարածվի նաև նախկինում տրված այն լիցենզիաների վրա, որոնք իրականացնում են նախադպրոցական ծառայություններ:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, նախկինում տրված նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզիաները պետք է վերաձևակերպվեն` ապահովելով նախադպրոցական ծառայության պահանջները: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կդադարեցնի լիցենզիաների գործողությունը:
Օրենսդրական փոփոխության առաջարկությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի վերջին փոփոխությամբ սահմանված այն դրույթով (11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներ), ըստ որի՝ նախադպրոցական բոլոր կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԿԳՄՍ նախարարության ՀՀ օրենքների փոփոխության առաջարկությունը դեռ պետք է սահմանված արգով ներկայացվի նաև Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը: