ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցին նվիրել է ֆրանսերենի դասագրքեր

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Ողջունելով դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ նա շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:
Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

Երկուստեք կարևորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել:
Հանդիպումից հետո պարոն դեսպանի հետ մարզպետն ուղևորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն լեզու: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Դեսպանը ստուգել է նաև երեխաների լեզվի իմացությունը: