Ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան, այսօր Մարտունու շրջանի այդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հասկանալի է` ամեն գնով հակառակորդն ուզում էր Կրասնի Բազարը վերցնի, բայց ձեր շնորհիվ, մեր տղաների, մեր հերսների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է` մենք Թաղավարդի մի մասը կորցրել ենք… Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` շինարարական աշխատանքները տեղում ակտիվանում են, առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու:
Իր ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում Արցախի նախագահը նաև նշում է, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչների հետ քննարկել է օրախնդիր հարցերը:
«Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա: