Ավարտվեց Ռուսաստանի ամենախոշոր MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցում էին ոլորտի 1,5 հազար ներկայացուցիչներ՝ 229 երկրներից:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնց հետ միասին կարողացել է ապահովել Հայաստանի պատշաճ ներկայությունը` ցուցադրելով երկրի զբոսաշրջային ներուժը։
Եռօրյա ցուցահանդեսը մեկնարկել էր մարտի 16-ին: Արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ… Սրանք են Հայաստանի բազմազան զբոսաշրջային առաջարկները, որոնք ներկայացվել են MITT Moscow ցուցահանդեսում՝ Զբոսաշրջության կոմիտեի և տեղական 20 զբոսաշրջային ընկերությունների համատեղ ջանքերով։
Հայկական տաղավարը գրավել է բազում գործընկերների և այցելուների, որի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանը իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում։
Հայկական տաղավարի առաջին այցելուներից է եղել «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, որը հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին և քննարկել երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։
Զբոսաշրջիկ բերելու տեսնակյունից թիրախային երկրներից է Ռուսաստանը, սակայն մասնագետները դիտարկում են նաև այլ շուկաներ, օրինակ, Ուկրաինան, Իրանը, նաև արաբական երկրները:
Զբոսաշրջության կոմիտեն ծրագրեր է նախատեսում նաև ներքին տուրիզմի հետ կապված: Մասնավորապես, մայիսին Երևանում նախատեսվում է անցկացել մեծ զբոսաշրջային ցուցահանդես, որին առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Հայաստանի մարզերը: Սա նպատակ ունի լայն հասարակությանը ներկայացնել մարզերի զբոսաշրջային ներուժը՝ տարբեր ուղղություններով: