Բացօթյա ցուցահանդես ՝ ներքին զբոսաշրջությունը խթանելու նպատակով

Հայաստանում զբոսաշրջային սեզոնին ընդառաջ և ներքին զբոսաշրջությունը խթանելու նպատակով՝ Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնել է Երևանում իրականացնել բացօթյա ցուցահանդես, ինչպես նաև 2-օրյա աշխատարաններ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ լավագույնս վեր հանելու յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժը։
Այդ նպատակով Կոմիտեն նախաձեռնել է հանդիպում բոլոր մարզպետարանների գործընկերների հետ՝ քննարկելու կազմակերպչական մի շարք հարցեր՝ ՀՀ մարզերը գրավիչ ներկայացնելու, բազմազան, յուրօրինակ զբոսաշրջային արդյունքներ ցուցադրելու հնարավորությունները։ Ցուցահանդեսին զուգահեռ ընթացող աշխատարանները անց են կացվելու տարաբնույթ թեմաներով, որոնք առնչվում են համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին՝ ներգրավելով ոլորտի միջազգային և տեղացի փորձագետների, խոսնակների, մասնագետների։
Նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրված է, հանդիպումները ոլորտի ներկայացուցիչների հետ կրելու են շարունակական բնույթ՝ միջոցառումը զբոսաշրջային տոն դարձնելու և ոլորտը աշխուժացնելու նպատակով։