Մեղրի համայնքի բնակավայրերում գործող մանկապարտեզների շենքային պայմանների բարելավումը համայնքի առաջնահերթ խնդիրներից է: Մեղրի քաղաքի մանկապարտեզը խոշորացված համայնքի ամենաշատ սաներ ունեցող մանկապարտեզն է՝ շուրջ 200 սան: Շենքի հիմքերն օրեցօր թուլանում էին, մանրահատակը ամբողջովին քայքայված էր և քողարկված գորգերով: Դրենաժային համակարգի խաթարված վիճակի պատճառով շենքը մշտապես խոնավ էր և վթարային, որը հնարավորություն չէր տալիս ուսումնադաստիարակչական գործընթացը լիարժեք կազմակերպել:
Անբարեկարգ պայմանների պատճառով մանկապարտեզի շենքում առկա 12 խմբասենյակներից միայն 8-ն էր շահագործվում, և չկար կրտսեր խմբեր /2-3 տարեկան/ ունենալու հնարավորություն:
2019թ. պետական բյուջեի աջակցությամբ մեկնարկեցին Մեղրիի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները: Պայմանավորված շինարարական աշխատանքներով՝ ներկա պահին երեխաների զգալի մասը հաճախում է Մեղրիի մանկապարտեզի մասնաճյուղեր՝ Վարդանիձոր և Լեհվազ գյուղերում, իսկ ավագ խմբի՝ մոտ 30 սանի՝ նախադպրոցական կրթություն իրականացվում է Մեղրի քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենքում:
Մանկապարտեզում իրականացվում է մեծածավալ աշխատանք՝ շենքի արտաքին տեսքից մինչև ներքին հարդարում: Ներկա պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Առաջին հարկում արդեն մեկնարկել են կոսմետիկ աշխատանքները: Մանկապարտեզում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ: Սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզը կկհավորվի անհրաժեշտ գույքով` ստեղծելով հաստատության լիարժեք շահագործման համար անհրաժեշտ պայմաններ:
Կապիտալ նորոգված մանկապարտեզը կունենա շենքային հնարավորությունների լիարժեք օգտագործման հնարավորություն: Շնորհիվ նոր բացվող 12 խմբասենյակների` կապահովվի 4 նոր աշխատատեղ (2 դաստիարակ, 2 դայակ) և հնարավոր կլինի մանկապարտեզ ընդունել կրտսեր խմբերի մոտ 80 երեխաների:
Նախադպրոցական հաստատությունում ընդգրկված երեխաների թվաքանակը կաճի 28%-ով` ըստ այդմ` մանկապարտեզը հնարավորություն կունենա շուրջ 280 երեխաների համար բարեկարգ պայմաններում կազմակերպել նախադպրոցական կրթություն:
Ծրագրի վերջնարդյունքը հնարավորություն կընձեռնի բարձրացնել նախադպրոցական կրթության արդյունավետությունն ու այն իրականացնել առանց ընդհատումների: