Լուրեր

Հայտնի են «DigiCode 2021» մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մարտի 27-ին կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Մրցույթին ներկայացվել է 162 հայտ, որից 51-ն է անցել եզրափակիչ փուլ։ 

8 անվանակարգերի հաղթողներն են՝

Նարեկ Մարտիրոսյանը («Լավագույն խաղ», մինչև 13 տ.),
Հակոբ Այվազյանը («Լավագույն խաղ», 13 տ. բարձր),
Աննա Մանուկյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», մինչև 13 տ.),
Սամվել Աղաբաբյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», 13 տ. բարձր), Սուսաննա Հովհաննիսյանը («Լավագույն գծագրություն և դիզայն»),
Գոռ Գևորգյանը («Python ծրագրով սարքերի ինտեգրում»)։

«Կրիա» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Սրապ Գևորգյանը (մինչև 13 տ.) և Նարեկ Աբրահամյանը (13 տ. բարձր)։ Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Հակոբ Այվազյանը։

Հայտնվելով մարզային փուլի եզրափակցում՝ աշակերտները մայիսին կմասնակցեն «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները։

«Մրցույթը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների համար յուրօրինակ ստուգատես է՝ ներկայացնելու, թե ինչ արդյունքների են հասել նախորդ տարում ստացած գիտելիքներով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարի դասերը անցել են հեռավար ձևաչափով՝ արդյունքները մեզ ուրախացնում են», — ասում է «Արմաթի» մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։ 

Ժյուրիի կազմում են եղել հովանավոր ընկերության ներկայացուցիչներ Վահագն Մխիթարյանը և Ռուբեն Մանուկյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, Արտյոմ Հարությունյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանը և Ավագ Սայանը։

«DigiCode» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որը նպատակ ունի   խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտելով տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները։ Մրցույթի հաջորդ մարզային փուլը ապրիլի 3-ին է՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button