Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Մուկիկի մահը

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը
զարկեց.
-Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.

-Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…
Ձենի վրա Լորիկն եկավ.
-Ծիտիկ-միտիկ, չալփետուրիկ,
Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։
-Թաո՜ւ, թաո՜ւ,— ասավ Ծիտը, —
Ես որ չտամ, ո՞վ տա հապա.
Մուկիկի պես ախպեր մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր,
Ես որ հողը տամ իմ գլխին,
Մե՞ծ բան է…
-Ափսո՛ս, ափսո՛ս,— ասավ Լորը,—
Մուկիկի պես մարդը մեռավ,—
Ասավ, իրեն էնքան զարկեց,
Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.
-Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,
Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։
-Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը գլխին հող է տալի,
Ես որ իմ մի թևը կոտրեմ՝
Մե՞ծ բան է…
-Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,— կանչեց ծառը,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Գընաց եկավ, գընաց եկավ,
Իր ճյուղերը զարկեց իրար,
Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.
-Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ,
Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։
-Վա՜հ, ձեր տունը աստված շինի,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մնաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Իմ ճյուղերը ես որ թափեմ՝
Մե՞ծ բան է…

-Հազար ափսո՛ս— քարերն ասին.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Ու գոռալեն, գըռգըռալեն
Գըլորվեցին սարերն ի վար,
Թափվեցին ցած— ջըրերի մեջ։

Ջըրերն ասին.

-Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,
Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ էիք,
Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։
-Էլ ի՞նչ անժաժ. բա չե՞ք ասիլ,
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,
Լորիկն իրեն թևը կոտրած,
Ծառը մընաց ճըղնակոտոր,
Մենք մեր տեղից որ գըլորվենք՝
Մե՞ծ բան է…

-Վա՜շ-վի՛շ, վա՜շ-վի՛շ, ի՜նչ իմացանք,
Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞…
Ջըրերն ասին. խառնըվեցին,
Ու գընացին պըղտոր-մըղտոր։
Էն կողմերից տըմտըմբալով
Պառավն եկավ։ Էս որ տեսավ.
-Ա՜յ գըլգըլան ջըրեր,— ասավ,—
Դուք պարզ էիք միշտ ու մարմանդ,
Ինչո՞ւ էսօր պըղտորվեցիք։

-Վա՜յ քու տանը քանդվի, պառա՛վ,
Բա չե՞ս լըսել՝ ինչ է եղել.
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր,
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղավ ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան է…

-Հողն իմ գլխին,— պառավն ասավ,—
Մուկիկի պես մարդը մեռնի՞…
Զարկեց իրեն ու ծըվատեց,
Երեսն արավ արյունլըվիկ,
Մազաքըձուձ՝ գյուղը վազեց։
Գյուղում ասին.

-Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց.
Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։
-Վա՜յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։
Մուկիկի պես մարդը մեռավ,
Աշխարքն էսպես մընաց անտեր.
Ծիտը էնտեղ հողը գըլխին,
Լորը իրեն թևը կոտրած,
Ծառը եղած ճըղնակոտոր,
Քարերը ցած գըլտոր-մըլտոր,
Ես իմ երեսն արյունոտեմ՝
Մե՞ծ բան է…

-Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,
Որ էն տեսակ մարդը մեռավ…
Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նստեցին.
-Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ…
-Հողագըլուխ Ծիտիկն ասավ,
Թևը կոտրած Լորիկն ասավ,
Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,
Գըլտոր-մըլտոր Քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր Ջըրիկն ասավ,
Մազաքըձուձ Պառվիկն ասավ,
Մեր Մուկիկը մեռե՜լ է…
Էլ ո՞վ մընաց էս աշխարքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում…
Էսպես ասին
Ու միասին
Լացով, կոծով,
Ճիչ-գոռոցով
Հավաքվեցին ու գընացին,
Քարիցն ընկան, կոտորվեցին։
 

Ցուցադրել ավելի
Back to top button