Լուրեր

Սփյուռքահայերի նոր նախաձեռնությունը՝ հայկական տեխնոլոգիական համայնքը զարգացնելու համար

Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները և ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել և համագործակցել միմյանց հետ։

Մենթորները, որոնք Միացյալ Նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ և կօգնեն նրանց
մասնագիտական խորհուրդներով։

Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ` Նիքոլաս Քաբրալոֆը (Nicholas Cabraloff)՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում և Քրիս Աբկարիանսը (Chris Abkarians)՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, և՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։

Քրիս Աբկարիանսը նշում է. «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ և տեսնում ենք, որ շատերը հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաև ընդգրկել սկսնակ գործարարներին և կապել նրանց մասնագետների հետ»։

«Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack (Սլեք) պլատֆորմը»,- ասում է Նիքոլաս Քաբրալոֆը։

Սլեքում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք և Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ և այլն։

Ներկա պահին Հայ Կոմբինատորին են միացել ավելին քան 25 մենթորներ, իսկ սկսնակ գործարարների թիվը գնալով ավելանում է։

StartHub Armenia

Ցուցադրել ավելի
Back to top button