«Ինչպես երկաթն է ժանգոտվում, երբ
գործածություն չի գտնում, ինչպես
անշարժ ջուրն է հոտում, այնպես էլ
մարդու միտքն է հիվանդանում
ծուլությունից ու անգործությունից»։
Լեոնարդո դա Վինչի
Դեռ մանկական տարիներից նրա անունը ծանոթ է, ու մի բան նրա մասին հաստատ գիտենք բոլորս․ Լեոնարդո դա Վինչին հանճարեղ նկարիչ էր։
Ավելի մեծ տարիքում լսում կամ կարդում ենք, որ Լեոնարդո դա Վինչին նաև քանդակագործ էր, ճարտարապետ, մաթեմատիկոս, գյուտարար, բազմաթիվ այնպիսի սարքերի առաջին նախագծողը, որոնք մարդկությունն ստեղծեց իրենից մի քանի դար հետո։ Մի խոսքով՝ հանճար, որին շռայլորեն օժտել էր բնությունը։
Իսկ գիտեի՞ք, որ Լեոնարդո դա Վինչին նաև բազմաթիվ փոքրիկ հեքիաթների ու առակների հեղինակ է, որոնք նրան կենդանության օրոք ոչ պակաս հռչակ են բերել, քան նկարները։ Այդ պատմությունները մարդիկ անգամ բանավոր էին իրար փոխանցում, նաև՝ սերնդեսերունդ։ Այսօր էլ իտալական գյուղերում շատ տարածված են դրանցից մի քանիսը՝ որպես ժողովրդական հեքիաթներ, և պատմողները չգիտեն, որ դրանց հեղինակը ինքը՝ Լեոնարդո դա Վինչին է։
ԼԵԶՈՒՆ ԵՎ ԱՏԱՄՆԵՐԸ
Լինում է, չի լինում՝ մի տղա է լինում։ Նա տառապում էր այնպիսի մի լուրջ հիվանդությամբ, որը երբեմն մեծահասակների համար էլ է պատուհաս դառնում․ անընդհատ խոսում էր։
-Այս ի՞նչ պատիժ է այս Լեզուն,-փնթփնթում էին Ատամները:-Ե՞րբ վերջապես կհանգստանա ու մի փոքր լուռ կմնա:
Ի՞նչ գործ ունեք ինձ հետ,–լկտիորեն պատասխանում էր Լեզուն: — Ծամե՛ք ձեզ համար ու լուռ մնացե՛ք: Դա՛ է ձեր բանուգործը, իսկ ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չունեք․ ոչ ոք իրավունք չունի իմ անձնական գործերի մեջ խառնվելու, կամ, որ ավելի վատ է, ինձ հիմար խորհուրդներ տալու:
Եվ տղան շարունակում էր առանց լռելու, տեղին և անտեղի շաղակրատել, իսկ Լեզուն երանության մեջ էր․ ավելի ու ավելի նոր բաներ էր խոսում՝ չնայած չէր էլ հասցնում հասկանալ դրանց իմաստը:
Մի անգամ, սակայն, տղան այնպես տարվեց շատախոսությամբ, որ չնկատեց էլ՝ ինչպե՞ս, շփոթության մեջ ընկավ: Որպեսզի ինչ-որ կերպ դուրս պրծնի այդ փորձանքից, նա Լեզվին թույլ տվեց․․․ստել։
Այդ ժամանակ, ահա, ատամների համբերությունն սպառվեց․ նրանք արագ սեղմվեցին և կծեցին ոգևորված ստախոսին:
Լեզուն կարմրեց արյունից, իսկ տղան լաց եղավ ամոթից ու ցավից: Այդ պահից ի վեր, Լեզուն իրեն զգույշ է պահում, դե՛, տղան էլ, բնականաբար, մինչև խոսելը երկու անգամ մտածում է: