Գորիսում տարին մեկնարկել է շինարարական մեծածավալ աշխատանքներով։ Հիմնովին նորոգվում է Ավանգարդ թաղամասը՝ բոլոր ենթակառուցվածքներով։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, լսել բնակիչների առաջարկությունները։
Թաղամասի բնակիչներն առաջարկել են կառուցել հուշաղբյուր՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում զոհված երկու հերոսների, ովքեր Ավանգարդ թաղամասի բնակիչներ էին։ Հուշաղբյուրի հարակից տարածքում նաև այգի կբարեկարգվի։
Շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուն ներկայացրել է հիմնանորոգման, բարեկարգման նպատակով կատարվող աշխատանքների ընթացքը: Այս տարի համայնքի տարբեր թաղամասերում ևս նախատեսվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ, այդ թվում՝
- Արտաշեսյան թաղամասի հիմնանորոգում
- Ավանգարդ 5-րդ թաղամասի/Ծտի բներ/ հիմնովին նորոգում , բակերի նորոգում, կանաչ գոտիների ստեղծում, ենթակառուցվածքների բարելավում
- Փոսային նորոգման մեծածավալ աշխատանքներ՝ գլխավոր կենտրոնական, հատվող փողոցներում
- Գորիսից դեպի Ակներ բնակավայր տանող գլխավոր փողոցի հիմնանորոգում
- Գետափնյա թաղամասի մայթերի հիմնանորոգում
- Շուռնուխում բազմաբնակարան շենքի հիմնանորոգում, ընթացքի մեջ է նաև բարերարների ջանքերով 12 առանձնատների կառուցման ծրագիրը
- Որոտանում բազմաբնակարան շենքի հիմնանորոգում
- Հարթաշենում խաղահրապարակի կառուցում՝ հանգստի գոտիներով, լողավազանով
- Հարթաշենում մանկապարտեզի հիմնում
- Ներքին Խնձորեսկում խաղահրապարակի կառուցում
- Մաշտոցի փողոցի մի հատվածի, Գ․ Տաթևացու փողոցի խաչմերուկից դեպի Դիտակետ անվանյալ տարածք տանող ճանապարհի հիմնանորոգում
- Գ․ Տաթևացու փողոցից մինչև Սյունիքի փողոցի հատման ճանապարհահատվածի հիմնանորոգում
- Սյունիքի 2 հասցեի բազմաբնակարան շենքի բակի հիմնանորոգում
- Խաղահրապարակի կառուցում՝ Սյունիքի 14 հասցեում
- Խաղահրապարակի կառուցում՝ Նոր Վանքի Տափ թաղամասում։
Ավարտին կհասցվեն նաև դեռևս 2020 թվականին սկսված ծրագրերը։ Մեկնարկած ծրագրերից բացի, համայնքապետարանը աշխատում է նաև այլ ծրագրերի շուրջ, որոնց հաստատումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։