Հայրիկի դասերը

Զբոսանք հայրիկի հետ․ Հայրիկի դասերը

Առաջին հայացքից՝ թվում է, թե ամուսնությունը կտրուկ փոխում է հատկապես աղջիկների կյանքը․ նրանք դառնում են կին, բազում հոգսեր են վերցնում իրենց վտիտ ուսերին, երեխաներ են լույս աշխարհ բերում ու խնամում, մեծացնում նրանց, ճաշ են եփում ընտանիքի համար, լվացք են անում շատ ավելի հաճախ և այլն․․․
Դե իսկ, տղամարդու կյանքում առանձնապես բան չի փոխվում․ նա շարունակում է իր կյանքը գրեթե նույն, նախկին տեմպով, սովորականի պես, գործից հետո երբեմն հանդիպում է ընկերների հետ, ժամանակ անցկացնում, ֆուտբոլ դիտում կամ թղթախաղով զբաղվում՝ հոգեբանական իմաստով նրա կյանքն առաջվանն է․․․
Ինչ որ առումով, երևի, իսկապես էդպես է, մանավանդ, որ տղամարդը չի գնում ապրելու աղջկա ընտանիք, այլ տեղի է ունենում հակառակը՝ աղջիկն է գալիս նոր տուն, նոր միջավայր, փորձելով բացի ամուսնուց՝ լեզու գտնել նոր, ուրիշ մարդկանց հետ։
Մի խոսքով, ընդունված է համարել, որ կնոջ մոտ ամեն ինչ փոխվում է, մինչդեռ տղամարդու դեպքում՝ նույնն է ու անփոփոխ։
Թույլ տվեք հակաճառել․․․ որպես վաստակավոր հայրիկ եմ ասում։ Պատասխանատվության էն նոր, հսկայական բեռը, որը բաժին է հասնում ամուսնացած տղամարդուն, և տանը, և՝ տան պատերից դուրս, ստիպում է մեր սեռին լինել շատ ավելի աչալուրջ, բծախնդիր, ժողովրդի լեզվով ասած՝ «միացած» ու հավաք։
Դու այսուհետ գիտես, որ տանդ անդամների բարօրությունը, բարեկեցությունը քեզնւց են կախված՝ կանես, կլինի լավ, չես կարողանա անել՝ անվերջ քեզ վատ կզգաս, որ քո ընտանիքի կենսամակարդակն էն չի․․․
Էս ամենն, իհարկե, հարաբերական է։ Նորաստեղծ, անփորձ ընտանիքները բազում հոգսեր ունեն և գրեթե ամենուր, դրանք նույնն են։ Տղամարդն անցնում է փորձությունների մի մեծ շրջան և հավատացեք՝ իրեն հարգող, նորաթուխ հայրիկն ամեն ինչ կանի, որ իր հարազատների, իր ընտանիքի կյանքը լինի առնվազն տանելի։
Բայց, սիրելի հայրիկներ, էսօր ուզում եմ խոսել ոչ էնքան էս մասին, այլ մի քիչ առաջ ընկնել ու խոսել ընտանիքի միասնության գրավականներից մեկի՝ միասին, ընտանիքով ժամանակ անցկացնելու մասին։
Եկեք ենթադրենք․․․ենթադրենք՝ աշխատանք գտել եք, կարողանում եք վաստակել էնքան, որ տնեցիք քաղցած չեն, երեխաները հագուստ ու հեռախոսներ ունեն, դուք էլ՝ մեքենա, բնակարանի վարձը հասցնումն եք տալ, ու, ոնց որ, կարևորն ապահովել եք հարազատների համար։
Լա՞վ է․․․անշուշտ լավ է, ապրե՛ք։ Բայց դա՝ քիչ է, հավատացեք։ Ընդհանրապես մեր սեռի ներկայացուցիչներին հաճախ թվում է, թե սոցիալական հարցերը լուծելով, իրենց պլանը կատարել կամ անգամ՝ գերակատարել են և ավելին իրենցից պահանջելն էնքան էլ ճիշտ չէ։
Պիտի հիասթափեցնեմ՝ դուք, սիրելի հայրիկներ՝ էլի անելիքներ ունեք․ պիտի կարողանաք ստեղծել լավ, ջերմ մթնոլորտ, պիտի կարողանաք ապահովել ձեր ընտանիքում բարի հարաբերությունները, պիտի օրինակ ծառայեք և ամեն կերպ պահեք, պահպանեք ընտանիքի միասնականությունը։
Դրա համար լավագույն բաներից մեկն ընտանեկան զբոսանքներն են։ Հա՛, հա՛․․․ լրիվ լուրջ եմ ասում, ընտանեկան զբոսանքները։


Ինձ բախտ է վիճակվել լինել ու ապրել տարբեր երկրներում, մեծ, զարգացած երկրներում, մեծաթիվ բնակչություն ունեցող հսկայական քաղաքներում․ մարդիկ ամենուր, հավատացեք, փնտրում են նույնը՝ նրանք ուզում են ունենալ հարազատ, վստահելի հոգիներ իրենց կողքին, իսկ դա հիմնականում, և նախ և առաջ՝ ընտանիքն է։
Հատկապես էդ մեծ, տասնյակ միլիոնավոր մարդկանցով ծանրաբեռնված քաղաքներում հարազատ ու հոգեպես քեզ մոտ մարդ գտնելը պարզապես հրամայական է։
Մի առիթով ասել եմ, հիմա էլի կասեմ․ քանի անգամ են սրճարանում կողքիս նստել ուրիշ ազգության միայնակ մարդիկ ու փորձել են ուղղակի խոսակցություն սկսել հետս՝ ոչ էնքան կարևոր, ոչ էնքան հատկանշական թեմաների շուրջ, պարզապես լսող լինի, պարզապես, գոնե երբեմն-երբեմն պատմածիդ ընթացքում ընդամենը գլխով անող լինի, որ քեզ լրիվ միայնակ չզգաս․․․
Հիշու՞մ եք մեր ժամանակների, երևի, լավագույն երգահանի՝ Փոլ Մաքարթնիի անմահ երգը՝ Eleanor Rigby  «Որտեղի՞ց են գալիս բոլոր միայնակ մարդիկ․․․»։


Ավելի տխուր ու միաժամանակ լուսավոր երգ, երևի, չեմ լսել։
Չունեցողը՝ երազում է, իսկ ունեցողն էլ, պարզապես, պարտավոր է գնահատել․․․
Այ էդ, ես կասեի՝ տիեզերական մենակությունից փրկողը՝ ձեր հարազատ ընտանիքն է․․․

Ցուցադրել ավելի
Back to top button