Հա՛ֆ, մյաո՜ւ

Սիբիրյան Հասքի. Հա՛ֆ, մյաո՜ւ

Այսօր կներկայացնեմ շների մի ցեղատեսակ, որը վերջին տարիներին չափազանց ակտիվ է ներկրվում Հայաստան։ Հատկապես Երևանի փողոցներում, օրվա մեջ, ոնց էլ լինի՝ գոնե մեկ անգամ աչքովդ կընկնի։ Էլ չասենք, որ էս կենդանին ցուրտ երկրի շուն է, և մեր երկրի չոր ու տաք կլիման նրան պարզապես հակացուցված է։ Բայց, եթե պահում եք նման շուն, կարդացեք, հետաքրքրվեք, խոսեք մասնագետների հետ, իմացեք, թե խնամքի ինչ պարտադիր պայմաններ են պետք ձեր կենդանուն և անպայման հետևեք դրանց։

Անցնենք մեր էսօրվա հերոսին։ Ուզում եմ ձեզ ներկայացնել ամենագեղեցիկ ցեղատեսակներից մեկին, (թեև, եթե ինձ հարցնեք՝ չկա տգեղ շուն, բոլորն էլ հիասքանչ են) և առանձնակի ջերմությամբ հայտարերում եմ, որ խոսքս Սիբիրյան Հասքիի մասին է։

Նրան բուծել են հյուսիս-արևելյան Սիբիրի էսկիմոսները, իսկ ցեղատեսակը, որպես առանձին ճյուղ, գրանցել են ամերիկացիները` անցյալ դարի 30-ականներին։ Քարշակ շուն, այսինքն՝ ձների մեջ սահնակ քաշելու համար ստեղծված կենդանի․ դա էր Հասքիի նախնական նշանակությունը։ Հասքիին ստացել են Ռուսաստանի արևելքի ժողովուրդների՝ յուկագրիների, նիվխերի, քերեքների, ասիական էսկիմոսների և  չուկչաների    քարշակ շնատեսակներն իրար խառնելով։ Բայց, ներկայումս, Հասքին ոչ միայն քարշակ շուն է, այլ նաև՝ կոմպանիոն, այսինքն՝ ընկեր, ընկերակցող կենդանի, ինչպես նաև՝ շոու-ցուցահանդեսների շուն։

Նա մեր մոլորակի ամենահին ցեղատեսակներից է։ Մոտավորապես երկու հազար տարի գոյություն ունեցող և մարդու կողմից՝ էդ երկու հազար տարիների ընթացքում ամեն կարգի փորձությունները հաջողությամբ հաղթահարած։

Սիբիրի բնիկների շրջանում կյանքի ամենամեծ հրամայականն էսպես ասած «որսի մշակույթն է», որով պայմանավորված է բնիկների գոյությունն ընդհանրապես և նրանք, պատկերացրեք, դեռ նեոլիթի շրջանից իրենց կենցաղում մեծապես հենվում են մարդու լավագույն բարեկամներից մեկի՝ շան վրա։ Իզուր չէ, որ Սիբիրի բնիկների էդ տարածքները հարևան ժողովուրդները դեռ հին ժամանակներից կոչել են ոչ ավել, ոչ պակաս՝ «շների երկիր»։ Մշտապես ունենալով չորացրած ձկան մեծ պաշարներ՝ Սիբիրի աբորիգենները կարող էին իրենց թույլ տալ բազմացնել ֆիզիկապես ուժեղ, դիմացկուն, սառնամանիքից չվախեցող շներ, որոնք ի վիճակի էին ձյան միջով քաշել սահնակներ, որոնց էլ, ի դեպ, լծում էին առնվազն 9 շուն։ Հետո քարշակ շներին լայնորեն սկսեցին օգտագործել նաև Սիբիրը նվաճող ռուսները, որոնք փնտրում էին, էսպես կոչված, «փափուկ ոսկի»։ Արդյունքում, սահնակներն ավելի մեծացան չափերով, ինչը նշանակում է՝ ավելի մեծ թվով շներ սկսեցին լծել դրանց։ 1920 թվին էդ կողմերն այցելած Ռուալ Ամունդսենը հիացած գրում է․ «Շներով ճամփորդելու հարցում ռուսներն ու չուկչաները գերազանցում են բոլորին, ում երբևէ հանդիպել եմ»։ Ալյասկայում, «ոսկե տենդի» ժամանակներում, միանգամից նման շների մեծ պահանջարկ սկսվեց, ու քանի որ ամերիկացի որսագողերը, հատկապես կետ որսացողները, ջրի ճամփա էին սարքել Ռուսաստանի Հեռավոր Արևելքը, մասնավորապես Չուկոտկան և Կամչատկան՝ հենց նրանք էլ սկսեցին քարշակ շներին ներկրել Ամերիկա՝սկսած 1908 թվականից։ Դե իսկ, խորհրդային տարիներին ոլորտի համայնավար առաջնորդները որոշել էին բոլոր քարշակ շներին միավորել մի ցեղատեսակում։ Եվ ճակատագրի հեգնանքով, Սիբիրի Հասքին իր գրանցումն ստացավ «շների նոր երկրում»՝ Ամերիկայում, ուր գրանցվեց նրա ստանդարտը, 1934 թվականին։ Ով՝ ով, բայց գործունյա ամերիկացիները նման առիթը հաստատ բաց չէին թողնի։

Պատմությունն առանձնացնում է կոնկրետ չորս մարդու, էնտուզիաստների, որոնց մենք պարտական ենք ժամանակակից Սիբիրյան Հասքիի գոյությամբ․ մուշտակեղենի առևտրական, ծնունդով ռուսաստանցի Ուիլյամ Գուսակին, շոտլանդացի ոսկի որոնող Ֆոկե Մաուլ Րեմսիին, մուշտակեղենի ևս մեկ առևտրականի՝ Օլավ Սվենսոնին, ինչպես նաև Լեոնարդ Սեպպալային։ Ասենք, որ էդ տարիներին, հատկապես Ամերիկայում, չտեսնված տարածված էին շնասահկաների մրցավազքերը, որոնցում գրեթե միշտ հաղթում էր նորվեգացի Սեպպալան, մի մարդ, որը փրկեց մի ամբողջ քաղաք․․․ մահից։

1925 թվականին Ալյասկա նահանգի Նոմ քաղաքում սկսվեց դիֆտերիայի ահավոր բռնկում, քաղաքն ու նրա բնակիչները կտրված էին ողջ աշխարհից և պետք էր արագ պատվաստանյութ հասցնել դժբախտ մարդկանց։ Սեպպալան իր վրա վերցրեց պատվաստանյութը տեղափոխելու առաքելության ամենադժվարանցանելի մասը՝ Նորթոնի ծովածոցը։ Ամերիկան, շունչը պահած, հետևում էր Սեպպալային ու նրա հիանալի շներին։ Ավելորդ է ասել, որ պատվախնդիր նորվեգացին փայլուն կատարեց իր անհույս թվացող առաքելությունը․ Նոմ քաղաքի բնակիչները մեծամասամբ փրկվեցին, իսկ էդ ամենը եղավ նաև Սեպպալայի շնասահնակի առաջնորդ շան՝ խելացի, նվիրված հասքի Թոգոյի շնորհիվ, որը հետագայում հասքիների մեծաթիվ, ընտիր սերունդներ տվեց ։ Մրրիկի, բուքի, անտեսանելիության ու — 30-ի պայմաններում, երբ չէին թռչում ինքնաթիռները և դեռ կառուցված չէր երկաթգիծ՝ անձնուրաց շները պարզապես հրաշք գործեցին։ «Գթության մրցավազք»-ը  (էդպես էին կոչել Նոմ քաղաքի բնակիչներին փրկելու հուսահատ ու համարձակ քայլը) ընդհանուր առմամբ ընդգրկում էր 1085 կիլոմետր տարածություն սառնամանիքի ու ձյուների միջով։ Սեպպալան անցավ որոշիչ 418 ամենածանր կիլոմետրերը Նորթոնի ծովածոցի սառույցներով, ամեն պահ սառցե ջուրը գլորվելու վտանգի տակ, էն էլ՝ հիմնականում, գիշերով, մրրիկի ու բուքի մեջ։   Սեպպալան ու իր անփոխարինելի շուն-առաջնորդ Թոգոն ուղղակի անհավանական հրաշքներ գործեցին, սառցե ջրերում մնալով ժամերով ու փրկվեցին շնորհիվ նույն հասքի Թոգոյի հմտության, խելամտության ու իսկական առաջնորդին հատուկ ուժեղ բնավորության ու առողջ բնազդների շնորհիվ։

Ամեն անգամ, երբ նորից կարդում եմ էս անհավանական անցումի մասին՝ հուզվում ու փշաքաղվում եմ, պատկերացնելով հասքի Թոգոյի համարձակությունն ու համառությունը, որը լող է տալիս ջարդված սառույցների մեջ ժամերով, սուզվելով ու փրկելով տիրոջը, մյուս շներին, և մարդկանց համար անհրաժետ պատվաստանյութի խմբաքանակը, որը քարի պես իջնում էր սառցե ջրի հատակը․․․

        Փրկարար Բալտոնի արձանը  Նյու-Յորքում

Ի դեպ, խորը հարգանքով շնորհակալություն եմ հայտնում ամերիկացի այն կինոգործիչներին, որոնք 2019 թվականին, այնուամենայնիվ, նկարեցին «Գթության Մրցավազքի» մասին ֆիլմը, որն ի պատիվ լեգենդար շան, էդպես էլ կոչել են՝ «Թոգո»։ Գուցե գեղարվեստական հորինվածքի չափաբաժինը քիչ ավելի է ստացվել, քան եղել է իրականում, բայց անպայման նայեք  կինոնկարն ու կհասկանաք, որ էնտեղ բոլորը հերոսներ են՝ և՛ Թոգոն, և հետագայում, մրցավազքում նրան փոխարինման ելած Բալթոնը․․․սա էն տխուր, սրտաճմլիկ ֆիլմերից չի կենդանիների մասին, որոնք մեզնից շատերը պարզապես սիրտ չունեն նայելու։«Թոգո» կինոնկարը հերոսապատում է,  և մենք պարտավոր ենք ճանաչել մեզ հետ, մեր ճակատագիրը կիսող, մեր նվիրյալ կրտսեր եղբայրներին։ Սա էլ ասեմ ֆիլմի մասին ու վերջ․ ֆիլմում խաղում է իմ իմացած ամենաընտիր դերասաններից մեկը՝ Ուիլյամ Դեֆոն, որին շատ հավանեցի Վան Գոգի դերում։

Թույլատրվումն է Սիբիրյան Հասքիի ուզածդ գունավորում, սա մեծ առավելություն է։

Հասիքներին չի կարելի օգտագործել որպես որսաշուն, նա երբեք որսը չի բերում տիրոջը, Հասքին պահապան ցեղատեսակ էլ չի, քանզի չունի սեփական տարածքն ու այն հսկելու զգացում, Հասքին ընդհանրապես չունի ագրեսիայի որևէ դրսևորում մարդու, թեկուզև օտարի հանդեպ։ Փոխարենն ունի ավելորդ ինքնուրույնություն, ինչը խանգարում է, որ Հասքին լինի պահապան ցեղատեսակ։ Հասքիներն ամենից շատ են փախչում տերերից, եղել է դեպք, երբ գյուղական տանը փակված Հասքին բարձր ցատկելով, մռութով ջարդել է պատուհանի ապակին ու փախել է իր ցեղակիցներին որոնելու։ Հասքիներն արագ սովորում են բացել դռներն ու թռչել, անցնել ամենաբարձր ցանկապատները։ Մի խոսքով, շուն մի ասա՝ իրական գլխացավանք ասա, բայց դե՝ գեղեցիկ, մարդամոտ ու շատ կենսուրախ գլխացավանք։

Հասքին երբեք չի կծում մարդուն․ նման վարք դրսևորում է   4 ցեղատեսակ՝ մեր էսօրվա հերոս՝ Սիբիրյան Հասքին, Ալյասկայի Մալամուտը, Նյուֆաունդլենդը և Սիբիրյան Սամոյեդը կամ՝ Սամմին։ 

Մենք նրանց մասին էլ կխոսենք։

Սիրեք շներին, հարգելի ռադիոլսողներ, նրանցից ավելի նվիրված ու լավ ընկեր, որքան էլ փնտրեք, չեք գտնելու։ Թող ասածս համարվի հավակնոտ, բայց փաստում եմ սեփական կյանքի փորձից ելնելով։  

Ցուցադրել ավելի
Back to top button