Հոպլյա՛, հեքիաթ

Հացի փշրանքները. Հոպլյա՛, հեքիաթ

Մի անգամ, Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում ճաշում էին հարյուր աղավնի։ Ինչպես միշտ, ճաշին միայն ցորենի հատիկներ էին։

Քիչ անց ուրիշ աղավնիներ էլ մոտեցան նրանց։

— Էդ ի՞նչ եք ուտում, հարցրին ուրիշ աղավնիները։

— Ցորենի հատիկներ… Ը՜ռռ֊ը՜ռռ…

Հետո ուրիշ աղավնիներ էլ մոտեցան։

— Ինչ լավ է,- ուրախացան նրանք,- էսօր ցորենի հատիկներ ենք ուտելու։

Հետո Արթուր անունով մի աղավնի էլ մոտեցավ։

— Նորից ցորենի հատիկնե՞ր են,- դժգոհեց նա,- արդեն ձանձրացել եմ։

Թևերը թափահարելով, նա թռավ դեպի վեր ու նստեց էն սյան վրա, որին կանգնած է ծովակալ Նելսոնի արձանը։

— Մի՞թե սա կյանք է, միլորդ,- բողոքեց Արթուրը Նելսոնին,- ամեն օր ցորենի հատիկներ ու ցորենի հատիկներ… այլևս անհնար է հանդուրժել։

— Իսկ դու ի՞նչ ես սիրում,- հարցրեց ծովակալ Նելսոնը։

— Հացի փշրանքներ,- պատասխանեց Արթուրը։ Սպիտակ հացի փշրանքներից ավելի համեղ բան չկա՜։

Ծովական Նելսոնը վերցրեց հեռադիտակն ու նայեց Ուայթհոլլ փողոցի կողմը։

— Ես մի մանչուկ եմ տեսնում,- ասաց նա,- սպիտակ բուլկի ուտելով քայլում է փողոցում։ Հիմա արդեն հասավ Թագավորական գվարդիայի շենքին։

Արթուրը ճախրեց դեպի Ուայթհոլլ փողոցն ու մանչուկին հետևեց էնքան ժամանակ, քանի դեռ նա ուտում էր սպիտակ բուլկին։ Բայց Արթուրին ոչ մի փշրանք չհասավ։

Խեղճ Արթուրը նույնիսկ չկարողացավ զսպել իր արցունքները։ Նրա մոտով անցնող ոստիկանը շատ զարմացավ։

— Էս ի՜նչ հրաշք է,- ասաց նա,- Առաջին անգամ եմ լացող աղավնի տեսնում։

Վշտացած Արթուրը վերադարձավ Նելսոնի սյան մոտ։

— Այո՜, գործերդ վատ են,- հառաչեց ծովակալ Նելսոնը,- ոստիկանը ի՞նչ ասաց։

— Ասաց, որ դեռ երբեք չէր տեսել լացող աղավնի։

— Ուրեմն՝ էդպե՜ս,- ասաց ծովակալ Նելսոնը։

— Փշրանքների համար իզուր լաց եղա,- ասաց Արթուրը։

— Ճիշտ խոսքին ի՞նչ ասես,- համաձայնեց ծովակալ Նելսոնը,- լացը չի օգնի։ Իհարկե, չի օգնի։ Բայց ես ուրիշ բան մտածեցի։ Հապա, նայիր իմ համազգեստի գրպանը։ Կարծեմ երեքփենսանոց պիտի ունենամ։ Բանվորներից մեկն էր դրել գրպանս, երբ կանգնեցնում էին իմ…այսինքն Նելսոնյան սյունը։ Դրել էր, որ իր բախտը բանի։ Հիմա դու…

Եվ ծովակալը ինչ֊ որ բան շշնջաց Արթուրի ականջին։

— Հիանալի գաղափար է,- ասաց Արթուրը,- Շնորհակալ եմ, միլորդ։

Նա ծովակալի գրպանից վերցրեց երեքփենսանոցը, թռավ դեպի Սթրենդի անկյունում գտնվող հրուշակեղենի խանութ:

Ցուցադրել ավելի
Back to top button