Հոպլյա՛, հեքիաթ

Ո՞վ է բերել արևը. Հոպլյա՛, հեքիաթ

Հին օրերին երկնակամարում ո՛չ Արևն էր փայլում, ո՛չ էլ՝ Լուսինը։ Մութ էր, և միայն բուն էր ընդունակ իր ճանապարհը լուսավորել սեփական աչքերով։

Կոյոտը քանի գնում հյուծվում էր։ Թեև ամեն օր որս էր փնտրում, բայց նրան երբեք չէր հաջողվում նապաստակ բռնել։ Ստիպված, յոլա էր գնում պատահաբար հանդիպած ճպուռով։ Հետո հուսալքված նստում էր իր որջի առաջ և սովալլուկ աչքերով շուրջն էր նայում։

Հանկարծ նրա ականջին հասավ հզոր թևերի շփշփոցը։ Արծիվն էր գալիս։

Կոյոտը խոնարհվեց նրան ու ասաց․

— Օ՜, ինչ անսպասելի պատիվ։ Բարի գալուստ, եղբայրս։ Ո՜նց կուզեի հյուրասիրել քեզ, բայց ափսո՜ս ոչինչ չունեմ, բացի կրծած ոսկորներից։ Սակայն, շատ կցանկանայի հետդ որսի գնալ։

Արծիվը ոտքից գլուխ չափեց Կոյոտին ու ասաց․

— Խրտվիլակի ես նման, միայն կաշի ու ոսկոր․․․բայց մենք կարող ենք միասին աշխատել, ուղղակի դու պիտի օգնես ինձ։

— Իհարկե՜, իհարկե՜,- հիացած գոչեց Կոյոտը։

Միասին դուրս եկան որսի՝ արծիվը սավառնում էր բարձր երկնքում, հենց նկատում էր որսը՝ իսկույն գլխիվայր ցած էր խոյանում։ Կոյոտը ոչինչ չէր որսում, չէր էլ օգնում, ուղղակի կիսում էր արծվի ձեռք բերած ավարը։

— Քեզ նման օգնականի կարիք չունեմ,- ի վերջո բարկացավ արծիվը,- Դու նույնիսկ նեղություն չես կրում ոսկորները թաղելու, թողնում ես գետնին թափված։

— Ի՞նչ անեմ, էնպես մութ է, որ նույնիսկ քթիս ծայրը չեմ տեսնում,- արդարացավ Կոյոտը։

— Ճիշտ ես,- համաձայնեց արծիվը,― լսել եմ, որ հեռու արևմուտքում երկու մեծ լույս կա պահված, մեկը կոչվում է Արև, մյուսը՝ Լուսին։ Գնանք դրանք գտնենք։

Երկուսով ճանապարհ ընկան։ Հասան մի ընդարձակ գետի։ Արծիվը թափահարեց թևերը և իջավ հակառակ ափը։ Կոյոտը շվարած մնացել էր պղտոր ջրի ափին, ապա մի կերպ, լողալով անցավ գետը։

— Համարյա խեղդվում էի, ինչո՞ւ ինձ էլ չանցկացրիր ջուրը,- բարկացավ Կոյոտը։

— Ինձ նման փետրավոր լինեիր,- պատասխանեց արծիվը։

— Ապո՛ւշ,- փրփրեց Կոյոտը բարկությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button