Հա՛ֆ, մյաո՜ւ

Պեկինեզե. Հա՛ֆ, մյաո՜ւ

Դե, ասեք տեսնեմ՝ ի՞նչ գիտեք Ֆու ցեղատեսակի շնիկի մասին։ Հիմա կասեք նման ցեղատեսակի մասին չենք լսել ու չգիտենք, թե դա ինչ շուն է։ Հավատացնում եմ ձեզ՝ լավ էլ գիտեք, թե ով է Ֆուն։ Պարզապես, ամբողջ աշխարհին, ի տարբերություն իր հայրենիքի Չինաստանի՝ Ֆուն հայտնի է այլ անունով։

Դե իհարկե, խոսքը չինական հայտնի ցեղատեսակի, գրեթե 2000 տարվա պատմություն ունեցող Պեկինեսի մասին է։ Ավելի ստույգ՝ արևմուտքում նրան կոչում են Պեկինեզե, և ձեր թույլտվությամբ, ես նրան էդպես էլ կանվանեմ։

Իր գոյության  2000 տարիների ընթացքում Պեկինեզեն շատ է կերպարանափոխվել է, և գոնե արտաքնապես, կարելի է ասել  էն շնիկը չի, որին աչքի լույսի պես պահպանում էին չին կայսրերը։

Ինչպես շատ դեպքերում՝ նորից այս ամենին խառն է անգլիացիների մատը, որոնք Չինաստանի «Ամառային պալատը» գրավելուց հետո, շատ պատահաբար, այնտեղ գտան 5 անճոռնի մռութներով շնիկ և վերցնելով նրանց որպես ռազմավար՝ արագ տեղափոխեցին իրենց հայրենի Անգլիա, որտեղ էլ շնաբույծները, ձեռքները շփելով անցան ցեղատեսակի անգլիականացմանը և կատարելագործմանը։ Մի գործընթաց, որը, պետք է նկատել՝ դեռ իր ավարտին չի հասել, թեև վաղուց գոյություն ունի Պեկինեզեի միջազգային ստանդարտը։

Ընդանրապես շատ ցեղատեսակների դեպքում՝ շների, կատուների, դեկորատիվ ձկների, որոշ թռչնատեսակների  կատարելագործման գործընթացն ավարտին չի հասել, դա գրեթե հավերժ աշխատանք է։  

Բայց վերադառնանք մեր Պեկինեզեին․ հին չինական լեգենդն ասում է, որ ժամանակին կենդանիների արքա Առյուծը սիրահարվեց ոչ ավել, ոչ պակաս՝ կապկին։ Նրա գեղեցիկ աչքերի պատճառով։ Եվ էդ սիրուց ծնվեց ոչ առյուծ, ոչ էլ կապիկ, այլ՝ շուն՝ մեր էսօրվա հերոս Պեկինեզեն։ Իր հորից՝ առյուծից նա ժառանգեց խելքն ու թավ բաշը։ 

Համաձայն նույնքան հին, մեկ այլ չինական լեգենդի՝ Առյուծ արքան էնպես էր սիրահարվել կապկին, որ հալումաշ էր լինում։ Ի վերջո, նա գնաց ամենազոր Բուդդայի մոտ՝ խնդրելով, որ վերջինս մի ճար գտնի իր սիրահարված սրտի համար։ Բուդդան սկզբից մռայլվեց (նա դեմ էր առյուծի և կապկի միությանը, ախր ամեն էակ աշխարհ է գալիս կոնկրետ կերպարանքով և իր հերթական կյանքը պիտի ապրի հենց այդ կերպարով, որ հետագայում, մյուս կյանքերում ավելի լավ ու առաջադեմ կերպարի արժանանա)։ Բայց տեսնելով, թե ինչ զորեղ է առյուծի և կապկի սերը, նույնիսկ ավելին, քան աստվածների սերը՝ Բուդդան խղճաց կենդանիների արքային․․․մեկ ակնթարթ և առյուծը տասնյակ անգամ փոքրանալով՝ դարձավ Պեկինեզե․․․դե գնա ու սիրի կապիկին՝ էլ քեզ խանգարող, արգելող ոչինչ չկա․․․

Պեկլինեզեն շատ լրջմիտ շուն է, մի կենդանի, որն իսկապես սիրում է ընգծել իր ազնվական ծագումն ու թագավորին վայել արժանապատվությունը։

Հին Չինաստանում Պեկինեզե պահելու իրավունք ունեին միայն կայսերական ընտանիքի անդամները։ Սովորական չինացին նույնիսկ երազել չէր կարող նման շնիկ պահելու մասին։ Դե իսկ, իրենց գլխից ձեռք քաշած անխոհեմ համարձակներին, որոնք կփորձեին պեկինեզե գողանալ ու թաքուն պահել՝ սպասվում էր դաժան մահապատիժը․․․բա՞։

Ինչևէ, հիմա Պեկինեզե կարող է պահել ով ցանկանա, մանավանդ որ դեկորատիվ էդ շնիկն առանձնապես խնամք չի պահանջում․ հերիք է, որ մեկ-մեկ նրան սանրես։ Էդ պատճառով էլ Պեկինեզեին անվանում են նաև ալարկոտների, ծույլերի շուն և խորհուրդ են տալիս նրան պահել   տարեց մարդկանց։  

Պեկինեզեն շատ է կապված տիրոջը, նա գրեթե ամեն րոպե տիրոջ կողքին է, նրա ողջ կյանքն անցնում է տիրոջը կպած։

 Հա․․․ի միջի այլոց, եթե Պեկինեզեի քիթը սև չէ, այլ, ասենք  մուգ շագանակագույն, ուրեմն դա մաքուր ցեղատեսակ չէ, անվանեք ինչ ուզում եք, միայն, ոչ Պեկինեզե։  

Ցավոք, անբարեխիղճ մարդիկ շնաբույծների, կամ որպես էդպիսին հորջորջվողների շարքում քիչ չեն։ Եթե հիշում եք, շուն կեղծողներից մեկն էլ Հաշեկի անմահ հերոս՝ քաջարի զինվոր Շվեյկն էր։ 

Ընդհանրապես, էն, ինչը լավ է սպառվում ՝ միշտ հայտնվում է կեղծարարների ուշադրության կիզակետում։ Եվ էդ իմաստով, դեպքից դեպք, որոշակի շրջափուլերով կենդանասեր աշխարհը կանգնում է փաստի առաջ, հատկապես շների իմաստով՝ կեղծում են, ես կասեի՝ ինքնամոռաց ժրաջանությամբ։

Դրա համար էլ լավ, զտարյուն կենդանի ձեռք բերելու համար, էդ թվում նաև  Պեկինեզե, արժե դիմել միայն ակումբներին և անուն, վաստակ ունեցող շնաբուծարաններին։

Ասեմ ձեզ մի սովորական, առաջին հայացքից աննշան դետալ՝ Պեկինեզեի ներքևի ատամները պիտի վերևի շարքի ատամներից անպայմանորեն առաջ ցցված լինեն։ Իսկ դա կարելի է պարզել միայն լավ ուսումնասիրելով կենդանուն։

Արևելքում  Պեկինեզեին անվանում են ոգի, անվանում են «աստծո շուն»։ Որոշ գրավոր աղբյուրներում նա ուղեկցում է Կոնֆուցիոսին, իսկ որոշ աղբյուրներում՝ հենց Բուդդային։  

Անպայման ուզում եմ նշել, որ Պեկինեզեն խելացի, արժանապատվության  բարձր զգացում ունեցող կենդանի է։ Խնդրում ու կոչ եմ անում ինձ լսողներին․ երբեք ձեռք չբերեք նման շնիկ երեխաներին նվիրելու համար․ հատկապես էդ ցեղատեսակի շնիկը մազմզոտ խաղալիք չէ, հաստատ։ Իհարկե, նա բացահայտ ագրեսիա չի ցուցաբերի տան փոքրերի հանդեպ, բայց իրեն շատ դժբախտ կզգա, երբ հասկանա, որ իրեն վերաբերվում են ինչպես գեղեցիկ, էկզոտիկ խաղալիքի։

Թեկուզև դեկորատիվ՝ Պեկինեզեն մի ցեղատեսակ է, որի բոլոր ներկայացուցիչները կարիք ունեն անսահման սիրո և ընդգծում եմ՝ արժանի են իսկական հարգանքի։ Հակառակ դեպքում, ձեր կենդանին կտխրի ու կդադարի ուրախություն պարգևել ձեզ ու ձեր հարազատներին։

Եղեք հոգատար մեր կրտսեր եղբայրների՝ կենդանիների հանդեպ և միշտ հիշեք, որ մենք, էսպես ասած՝ «արարչագործության պսակներս», նրանցից ամբողջ կյանքում սովորելու շատ բան ունենք։

Ցուցադրել ավելի
Back to top button