Լուրեր

Ապրիլի 23-ին է ծնվել Ուիլիամ Շեքսպիրը

Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլի 23-ին, գավառական Ստրեդֆորդ քաղաքում: Սովորել է ծննդավայրի քերականական դպրոցում, 1580-ական թվականների վերջերից տեղափոխվել է Լոնդոն, 1592 թ-ից եղել է «Լորդ-սենեկապետի ծառաները» (1603 թ-ից՝ «Թագավորական») թատերախմբի դերասան, 1599 թ-ից` «Գլոբուս» թատրոնի բաժնետեր և դերասան, նույն թվականին արժանացել է ազնվականի տիտղոսի: Մոտ 1612 թ-ին վերադարձել է ծննդավայր և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը: Կենսագրական գրավոր փաստերի սակավության, հակասականության և անհամապատասխանության պատճառով որոշ ուսումնասիրողներ Շեքսպիրի ստեղծագործությունները վերագրել են հայտնի այլ անձանց. հետագայում այդ վարկածները հերքվել են:

Իր երկերը գրելիս Շեքսպիրն օգտվել է անտիկ աշխարհի, միջնադարի և Վերածննդի փիլիսոփայական, պատմագրական, գեղարվեստական գանձարանից, անգլիական բանահյուսությունից, ժամանակի իրադարձություններից: Գրել է ոչ միայն դրամատիկական գործեր (37 պիես), որոնք նրա գրական ժառանգության մեծ մասն են, այլև քնարավիպերգական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593 թ.), «Լուկրեցիայի առևանգումը» (1594 թ.), «Սիրահարի տրտունջը» (1609 թ.) և այլն, որոնց հիմքում Վերածննդի դարաշրջանում լայնորեն տարածված պատմադիցաբանական թեմաներն են, և 154 սոնետ, որտեղ հեղինակն անձնական հույզերը միահյուսել է հասարակական ու փիլիսոփայական մտորումներին:
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է շրջանի:

Առաջին շրջանում (1590–1600 թթ.) գրել է «Հենրի VI» (1590–92 թթ), «Ռիչարդ III» (1593 թ.), «Ռիչարդ II» (1595 թ.), «Ջոն արքա» (1596 թ.), «Հենրի IV» (1597–98 թթ.), «Հենրի V» (1598 թ.) պատմական պիեսները՝ քրոնիկները, «Սխալների կատակերգություն» (1592 թ.), «Անսանձ կնոջ սանձահարումը» (1593 թ.), «Երկու վերոնացի ազնվականներ» (1594 թ.), «Միջամառնային գիշերվա երազ» (1596 թ.), «Վենետիկի վաճառականը» (1596 թ.), «Ոչնչից մեծ աղմուկ» (1598 թ.), «Վինձորի զվարճասեր կանայք» (1598 թ.) կատակերգությունները, «Ռոմեո և Ջուլիետ» (1595 թ.), «Հուլիոս Կեսար» (1599–1600 թթ.) ողբերգությունները և այլ գործեր:
Քրոնիկներում առավել ակնհայտ է Շեքսպիրի ինքնուրույնությունը. հեռացել է իր նախորդների՝ պատմության ռոմանտիկական մեկնաբանումից: Ըստ նրա՝ պատմությունը կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև հասարակ ժողովուրդը, որը պիեսներում ներկայացված է որպես անձնական և ազգային արժանապատվությամբ օժտված, անօրինականությանը հակահարված տալու պատրաստ գիտակից խավ:

Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ:
Շեքսպիրի այս շրջանի ողբերգություններում արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը. ողբերգականը ներկայացված է որպես մարդկանց քստմնելի չարագործությունների արգասիք («Տիտուս Անդրոնիկուս», 1594 թ.), պատանի սիրահարների գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը («Ռոմեո և Ջուլիետ») և այլն:

Երկրորդ շրջանում (1601–08 թթ.) գրել է իր գլուխգործոցները՝ «Համլետ» (1601 թ.), «Օթելլո» (1604 թ.), «Լիր արքա» (1605 թ.), «Մակբեթ» (1606 թ.), «Անտոնիուս և Կլեոպատրա» (1607 թ.), «Կորիոլան» (1607 թ.) ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով. անարդար հասարակարգն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից:

Երրորդ շրջանի (1609–12 թթ.) գործերում («Սիմբելին», 1610 թ., «Ձմեռային հեքիաթ», 1611 թ., «Փոթորիկ», 1612 թ., և այլն) գերիշխում են հեքիաթային, գերբնական տարրերը:
Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:
Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանն առաջինն անդրադարձել է Հովսեփ Էմինը՝ 1792 թ-ին գրած իր հուշերում: 1866 թ-ից սկսած դրամատուրգի գործերը բազմիցս հատվածաբար թարգմանել և խաղացել են թե՜ արևմտահայ, թե՜ արևելահայ բեմերում: Շեքսպիրի գործերից ամբողջությամբ առաջինը թարգմանել է Կարապետ Տետեյանը («Կատակերգություն սխալանաց», «Վենետիկի վաճառականը», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»): Անգերազանցելի են մանկավարժ, դիվանագետ, հրապարակախոս Հովհաննես Մասեհյանի (1864–1931 թթ.) թարգմանությունները՝ իր իսկ ընդարձակ ու արժեքավոր առաջաբաններով, ծանոթագրություններով: Հայտնի թարգմանիչներից են նաև Վահրամ Թերզիբաշյանը, Խաչիկ Դաշտենցը, Հենրիկ Սևանը, Ստեփան Ալաջաջյանը:

Շեքսպիրյան հերոսների փայլուն կերպարներ են ստեղծել դերասաններ Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մկրտիչ Ջանանը, Ցոլակ Ամերիկյանը, Դավիթ Մալյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Լևոն Թուխիկյանը և ուրիշներ: 1944 թ-ից Երևանում պարբերաբար տեղի են ունենում շեքսպիրյան ներկայացումների միջազգային փառատոներ և գիտաժողովներ:
Շեքսպիրի նույն գործերին անդրադարձել են տարբեր ազգերի արվեստագետներ. նկարահանել են բազմաթիվ կինոնկարներ («Համլետ», 1948 և 1964 թթ., «Օթելլո», 1955 թ., «Ռոմեո և Ջուլիետ», 1968 թ., «Մակբեթ», 1971 թ., «Լիր արքա», 1971 թ., և այլն), գրել օպերաներ («Օթելլո», 1816 և 1847 թթ., «Մակբեթ», 1887 թ., և այլն), բալետներ («Փոթորիկ», 1889 թ., «Ռոմեո և Ջուլիետ», 1938 թ., և այլն), ստեղծել կերպարվեստի արժեքավոր գործեր:

Շեքսպիրի գործերը ոգեշնչել են հայ կերպարվեստի գործիչներին, նրա պիեսների բեմադրությունների համար երաժշտություն են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ:
1966–85 թթ-ին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան հրատարակել է «Շեքսպիրական» (Հայկական շեքսպիրական տարեգիրք) մատենաշարը (7 գիրք): 1966–99 թթ-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործել է Շեքսպիրագիտության կենտրոնը (1994 թ-ից՝ գիտահետազոտական խումբ), որն զբաղվել է Շեքսպիրի երկերի թարգմանությամբ, հայ թատրոնում շեքսպիրյան բեմադրությունների պատմության և այլ հարցերով: Ստեղծվել է նաև շեքսպիրագիտական կաբինետ-գրադարան (1994 թ-ի մայիսից՝ Ռուբեն Զարյանի անվան շեքսպիրագիտական գրադարան):

1984 թ-ին «Կորիոլան» ներկայացումը (Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան, գլխավոր դերակատար՝ Խորեն Աբրահամյան) արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Առաջարկում ենք ընթերցել Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ նրա սոնետներից երկուսը ՝

Ժառանգ ենք տենչում ամենաչքնաղ էակներից մենք,
Որ անհիշատակ չնահատակվի վարդը պերճության.
Մինչ ալևորին վախճան է բերում ժամանակը նենգ,
Նրա դեռատի զավակն է կրողն հիշատակության:
Բայց դու, սիրելիս,քո իսկ աչքերին կարգված լինելով,
Միայն սեփական նյութով ես սնում լույսդ բոցակեզ.
Ուր լիություն է՝ դու տարածում էս ահավոր մի սով
Եվ այդպես դառնում անգութ թշնամի՝ միայն ինքդ քեզ:
Դու, որ տակավին համայն աշխարհի պճնանքն էս անշեջ,
Նաև միածին ազդարարը քո ծաղկավետ գարնան,
Քո գոյությունը թաղում էս իզուր բողբոջներիդ մեջ
Եվ, քնքո՛ւշ ժլատ, կործանում էս քո սերունդն աննման.
Խղճա աշխարհին, որ չհամարեն մարդիկ քեզ ագահ,
Քանզի այս կյանքի հաճույքի կողքին գերեզմա՛ն էլ կա:

***

Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն և անառիկ է,
Նա է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր,
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության,
Նա է իր դեմքի և իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:
Ամռան ծաղիկը անուշ բուրմունք է ամառվա համար,
Թեև իր համար` նա գիտի ապրել ու մեռնել անտես,
Սակայն երբ թոշնում և դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ:
Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

Ցուցադրել ավելի
Back to top button