ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված խումբը միանալով հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ է արել 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հաղորդմամբ, ամերիկացի կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, որում նշել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և «Քովիդ-19»-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»:
Նամակում կոնգրեսակաները կոչ են անում 100 մլն դոլարի շրջանակում 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին: Նաև կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ: